«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ քաղխորհրդի նշանավոր որոշման մեջ նախատեսված էր մոտ 2 շաբաթ անց ամփոփել մարզային շտաբների բացման, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների և կատարված մյուս աշխատանքները: Ժամկետը լրացել է մոտ նոյեմբերի 20-ին, բայց միայն Գագիկ Ծառուկյանը խոսքի տեր ու հաշվետու եղավ, ում անունից նախօրեին տարածված հայտարարությամբ տեղեկացանք, որ մոտ մեկ տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպել: Թե ինչ փուլում են մարզային աշխատանքները, փորձեցինք պարզել արմավիրցի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանից: Նա նախ հիշեցրեց, որ ինքը պատասխանատու չէ և միայն ներկայացնում է անձնական տեսակետը:

- Երկու շաբաթն արդեն լրացել է, այս շաբաթների ընթացքում ի՞նչ է պարզվել տեղերում, ի՞նչ եք պատրաստվում զեկուցել իրավիճակի մասին:

- Իսկ ո՞վ ասաց, որ երկու շաբաթ ժամանակ ունեինք, գործընթացը շարունակվում է: …Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ այդ ժամկետի մասին, հավանաբար, պատասխանատուներն զբաղվում են և արդեն իսկ ներկայացրել են: Ես ընդամենը որպես պատգամավոր հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, աջակցում եմ:

- Դեռ որքա՞ն պետք է հանդիպեք, մի քանի շաբաթը բավարար չէ՞ իրավիճակը հասկանալու համար:

- Աշխատանքները գնում են, մենք դեռ հանդիպումներ ենք ունենում, որպեսզի որոշում կայացնենք:

- Իսկ Ձեր շարժման նկատմամբ ինչպիսի՞ տրամադրվածություն կա:

- Քաղաքացիների եթե չասեմ 90, ապա 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, հոգնել է այս կարգավիճակից, փոփոխություն են ուզում:

- Իսկ եռյակի ներկայիս որդեգրած՝ հանրահավաքներ չանելու մարտավարությանը համաձա՞յն են:

- Եթե բացատրական աշխատանքներ տանում ենք, միանշանակ համաձայնում են մեր բռնած կուրսին, քանի որ հանրահավաքներ անելու իմաստը չկա, դրանով բան չէր փոխվում, ամեն անգամ մարդիկ գնան-գան, կհոգնեն և կհիասթափվեն, ավելի ճիշտ չէ՞ մեկ անգամ արվի, ազգովի արվի, ու վերջացնենք: Մենք զրուցում ենք, բացատրում, և մարդիկ համամիտ են, որ՝ այո, շտապել պետք չէ, միշտ եղել են բազմաթիվ միտինգներ, բայց մարդիկ արդյունքը չեն տեսել:

- Իսկ ե՞րբ եք նախատեսում ազգովի հանրահավաք՝ մինչև տարեվե՞րջ, թե՞ դրանից հետո, ինչի՞ց է կախված, ի՞նչ գործոններից:

- Չեմ կարող ասել, դեռ աշխատանքներ են տարվում:

- ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես գալ, միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

- Ճիշտն ասած՝ Փաշինյանի հետ ես անձնական որևիցե բան չունեմ, բայց իմ մոտ հարցեր են ծագում, ասենք, Փաշինյանն էսօր ոնց որ առանձին մի անհատ… եթե եռյակին ինքը միանալու ուներ, թող միանար, նույն բանը մենք ենք ասում, ինչն էսօր ինքն է ասում, ինչի՞ չեկավ միանար, ես չեմ իմանում դրա տակ ինչ կա»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: