«Եթե մարդը գտնվում է անազատության մեջ, այն էլ ուրիշ երկրում, անպայման իրեն պետք է այցելեն հասարակական կազմակերպությունները: Զարմացած եմ, որ միջազգային ՀԿ-ները բացարձակապես չեն հետաքրքրվում Արցախում ընթացող դիվերսանտների դատավարական գործընթացով: Սակայն, լավ կլինի, որ դա անեն նաև միջազգային հասարակական կազմակերպությունները, որպեսզի հետո նաև հայտարարություններով հանդես գան, ինչը հասանելի կլինի նաև դիվերսանտների հարազատներին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 Նա նաև նշեց, որ իր ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմել է միջազգային մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններին, որպեսզի ԼՂՀ-ում մոնիտորինգ իրականացնեն և այցելություններ կազմակերպեն ու հանդիպեն ադրբեջանցի դիվերսանտներին:

 Տիկին Ալավերդյանը հաղորդեց, որ միջազգային երկու ՀԿ-ներից արձագանք է ստացել, թե չեն կարող մարդ ուղարկել: Նա նաև նշեց, որ ինքն անձամբ իրենց կազմակերպության հետ միասին այցելել է Ստեփանակերտում գտնվող ադրբեջանցի դիվերսանտներին և տեսել, որ նրանք նորմալ վիճակում են: