Երբ միջազգային իրավունքը դառնում է անուժ` պետք է գործի ուժի իրավունքը: Թշնամու ագրեսիվ գործողություններին մեր բանակը պատասխանեց ցավոտ հարվածով: Մեր տղաների փայլուն պատրաստվածության և հանդուգն գործողությունների շնորհիվ անդրկովկասցի թուրք սանձարձակները կրկին իրենց մաշկի վրա զգացին Հայոց Բանակի հարվածի հզորությունը:

Իրականացված հատուկ գործողությունն ունակ է սասանել ադրբեջանական բանակի հեղինակությունը, նախևառաջ հենց սեփական հասարակության շրջանում: Հենց այդ մտավախությունից դրդված էլ` ադրբեջանական կողմը հերքում է կատարվածի մասին ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչությունների հաղորդած տեղեկությունները: Սակայն պարզ է, որ սա հուսահատ քայլ է, քանի որ իրականությունը երկար թաքցնել պարզապես անհնարին է լինելու:

Անձնակազմի առաջև դրված մարտական առաջադրանքը եղել է չափազանց բարդ: Կրակի տակ պահվող տարածքից թշնամուն մոլորեցնելով ու նրան կորուստներ պատճառելով օդաչուների աճյուններն ու ուղղաթիռի որոշ սարքեր անկորուստ դուրս բերելը Արցախի հատուկ նշանակության ուժերի բարձր պրոֆեսիոնալիզմի ապացույցն է: Այս հատուկ գործողությունը վերստին վկայում է այն մասին, որ Սեյրան Օհանյանին և Մովսես Հակոբյանին այս տարիներին հաջողվել է կայացնել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» ունակ բանակ:

Քաղաքագետ Պետրոս Գերպեկչյան