Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ:

Զորամասի շարահրապարակում հատուկ նշանակության զորամասի զինանձնակազմին ողջունել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով բոլոր հետախույզներին մասնագիատական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը:
Տոնական միջոցառումը շարունակվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով:

Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շար սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով:

Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում:

Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ զորատեսակի շարքերում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: