Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:
Նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և անդրադարձել ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական փոխգործակցության խորացմանը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ տարածքում ներկայում ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարևոր քայլեր են իրականացվում նաև էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ տարածքի էներգետիկ անվտանգությունը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը համագործակցության համար լավ հարթակ է, որը նոր թափ է հաղորդում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Քննարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրականացման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցակարգին, նավթի և նավթամթերքների շուկաներում գնագոյացման և մրցակցության իրավիճակին առնչվող հարցեր: