Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բարձր է գնահատում այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցումից հետո իր ուղղաթիռով մեկնեց Արցախ, ինչը, ըստ նրա, պատգամ էր Ադրբեջանի նախագահին։

Նրա խոսքերով,- «Մեր նախագահի ուղղաթիռով Արցախ գնալու քայլը` չափազանց խիզախ քայլ էր, ու պատգամ էր Ալիևին, որ մեր օդային տարածքը վերահսկելի է»։

Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի: Հենց հարաբերությունների մեղմացման նշույլ է երևում, նա, անպայման, իրավիճակը սրելու քայլեր է անում:Նրա խոսքով, առանց այդ էլ Ադրբեջանը միջազգային ասպարեզում վարկանիշ չունի, և իր այդ բորենու քաղաքականությամբ այն ավելի է գցում:

Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանը, իր նախագահով հանդերձ, այնքան անպարկեշտ է դարձել, որ «բանի տեղ չի դնում» միջազգային կառույցներին:

Ռազմիկ Դավոյանը նկատեց նաև, որ Հայաստանը շատ ուժեղ զինվորներ ունի, և կարող է իր «ռեմբոներին» ուղարկել՝ զոհված օդաչուների մարմինները բերելու, սակայն սպասում են միջազգային ատյանների գործողություններին:

«Հայկական անզեն ուղղաթիռը ոչնչացնելը նույն ձեռագիրն է, ինչ Ռամիլ Սաֆարովն է կացնահարում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Անզեն ուղղաթիռը գցելը հերոսություն չէ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը: