Ակնհայտ է, որ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել և ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել սահմանամերձ գոտում: Ակնհայտ է նաև, որ ուղղաթիռը որևէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Հենց ադրբեջանական կողմը տարածել է ուղղաթիռի խոցման տեսանյութ, որում հստակ երևում է, որ ուղղաթիռները թռչում են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով և ամենևին չեն սպառնում ադրբեջանական դիրքերին, որտեղից և կատարվել է նկարահանումը:

Սակայն` ադրբեջանական կողմը շտապեց պարգևատրել թիկունքից ուղղաթիռը խոցող ասկյարին և սա բնական է, քանզի քնած մարդուն կացնահարողին հերոսացնող երկիրը հերթական անգամ ապացուցեց Ադրբեջան անունը կրող հորինված երկրի և դրա բանակի իրական դեմքը:

Ավելի ուշ կատարվածի վերաբերյալ սեփական դիրքորոշումը ներկայացնելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաքեց Բաքվում հավատարմագրված ռազմական կցորդներին և հոխորտաց, թե` «Լեռնային Ղարաբաղի օդային սահմաններով բոլոր չթույլատրված թռիչքները որակվելու են որպես Ադրբեջանի օդային սահմանների խախտում, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում ադրբեջանական զինված ուժերը խոցելու են այդ թիրախները»: Սրան հետևեցին հայկական կողմին ուղղված նոր սպառնալիքներ, նոր ռազմատենչ հայտարարություներ: Նման հոխորտանքներն իհարկե նոր չեն, ուղղակի ևս մեկ անգամ ապացուցում են մեր հարևանների դատարկախոսությունը և նենգությունը: Շատ լավ գիտակցելով սեփական զինված ուժերի անզորությունը` արդեն երկու տասնամյակ ադրբեջանական տարբեր տեսակի գործիչներ, խոսնակներ, նախարարներ և մեջլիսում պաստպարված դատարկախոսներ հոխորտում են Հայաստանին կործանիչ հարված հասցնելու մասին, բայց … նենգ հարվածներ հասցնելուց, քնած մարդուն կացնահարելուց ու պատահականորեն սահմանն անցած խաղաղ բնակիչներին դաժանորեն սպանելուց հեռուն չեն գնում: Սա է Ադրբեջանի ու նրա խոսնակների իրական պատկերը: Տարիներ շարունակ Ադրբեջանը հոխորտացել է սեփական ժողովրդին խաբելու համար և հերոսացրել մարդասպաններին:

Տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի զինված ուժերն ապացուցել են բարձր մարտունակությունը գերազանց պատրաստվածությունը և ադրբեջանական արկածախնդրությանը պատասխանել շառաչուն ապտակներով: Վերջապես` օգոստոսյան խայտառակ ապտակները դեռ թարմ են ադրբեջանցի զինվորականների և դատարկախոսների ուղեղներում (եթե, իհարկե, ուղեղ ունեն ու օժտված գոնե երբեմն մտածելու կարողությամբ): Սահմանագոտու հարևանությամբ Հայաստանի և Արցախի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ընթացող լայնածավալ զորավարժանքը հերթական շառաչուն ապտակն էր, ինչին Ադրբեջանը պատասխանեց հերթական նենգությամբ` ուղղաթիռի խոցմամբ:

Ադրբեջանը միանշանակ անպատիժ չի մնալու և այս աննախադեպ ստորության հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ են լինելու: Գործ ունենք նենգ, չափ ու սահման չճանաչող մի երկրի ոչխարամիտ ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ուր մարդկային ու բարոյական ամեն ինչ մեռած է, սակայն դա իրենց գործն է, և դատարկախոսության արդյունքում ծնված հոխորտանքների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են հենց նույն ոչխարամիտները: