Ըստ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը կբերի ոչ թե արտագաղթի տեմպերի մեծացման, այլ հակառակը: Այսօր`  նոյեմբերի 20-ին  լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց երեք կարևոր առավելություն, որոնք ստանալու են կոնկրետ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները:


«Նախ ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական, և հավասար կարգավիճակ են ունենալու: Այսինքն՝ ՌԴ-ում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին ու ՌԴ քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու: Ներկայում, որպեսզի միգրանտը Ռուսաստանում աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, փաստաթղթեր ներկայացնի և տուրք վճարի: ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, և սա մեծ տնտեսում է իրականում մարդկանց համար»,- ասաց նա:

Խոսելով երկրորդ կարևոր խնդրի մասին՝ Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը և նրա ընտանիքը համարվում են օրինական բնակվողներ այդ երկրի տարածքում:

«Այսինքն՝ լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերելու կարիք չկա: Ի դեպ, երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, այլևս խնդիր չի լինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երրորդ առանձնահատկությանը, ապա Միգրացիոն պետական ծառայության ղեկավարն ընդգծեց, որ ցանկացած անձի ՌԴ մուտք գործելու դեպքում հաշվառման կանգնելու համար տրվելու է ավելի երկար ժամանակ՝ 30 օր:

«Հարցնում եք՝ արդյո՞ք ԵՏՄ-ին անդամակցությունը կբերի արտագաղթի մեծացմանը, ես ասում եմ՝ ոչ: Նախ՝ արտագաղթը այն է, որ ավարտվում է մշտական բնակության փոփոխմամբ: Այսօր, երբ ավելի բարդ է այնտեղ մնալը, մարդիկ վախենում են հետ գալ միայն նրա համար, որ հետո կարող են իրենց առաջ արգելքներ դնել, ու դառնում են արտագաղթողներ: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կբերի միգրացիոն տեղաշարժի ակտիվության»,-ասաց նա:

Գագիկ Եգանյանը բերեց նաև մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից մեկնածների և վերադարձածների բացասական մնացորդը հավասար է շուրջ 91 հազարի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշը կազմել է մոտ 90 հազար: