Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ չընդունվեց, որին հետևեցին ծափահարություններ։

Նշենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումներով նախատեսվում է, որ ԴԱՀԿ ծառայության դրած կալանքը կտարածվի պարտապանի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում ոչ թե ողջ հաշվի վրա, ինչպես գործող օրենսդրության մեջ, այլ տուգանքի վճարման ենթակա պարտքի գումարի վրա։

Իսկ մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ թեև իրենք առաջարկություններ էին ներկայացրել, որը պետք է լուծեր օրենքում առկա խնդիրները, սակայն դրանք մերժվեցին: Նա նշեց, որ այս հարցով իրենք ստորագրահավաք են սկսում, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան:

«Հայ ազգային կոնգրեսի» անունից խոսեց Գագիկ Ջհանգիրյանը: «Կոչ եմ անում այս տեսքով այս նախագծի օգտին չքվեարկել, սա միտված է նպաստելու մասնավոր սեփականատերերին չարքաշ գյուղացու, բանվորի գումարներից օգտվելու համար: ԴԱՀԿ-ն չի կարող դատարան լինել»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վարման կարգով ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը. «Սա բացահայտ թալանին ուղղված նախաձեռնություն է, կոչ եմ անում չքվեարկել»:

Օրենքի մերժումից հետո հաջորդած ծափահարություններին ԱԺ նախագահն արձագանքեց. «Երբեմն պետք է ծափահարություններ տեղի ունենան»: