«168 ժամ» թերթը գրում է.

«Մոսկվայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը հակամարտություն է յուրայինների միջև»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի ուշագրավ կարծիք է հայտնել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնի միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին: Ռուս քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանին խոցելու հայկական ուղղաթիռը և ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում: Այս համատեքստում նա ավելացրել է, որ Հայաստանում ընդհանրապես սխալ են ընկալում Կրեմլի քաղաքականությունը՝ կարծելով, թե միայն Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը:
«Սկզբունքորեն Ադրբեջանը ձեռնտու է Ռուսաստանին՝ որպես սպառազինության նշանավոր շուկա, բայց Մոսկվան Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում է երկրներ, որոնց վրա ունի հավասար ազդեցություն: Եվ Մոսկվայի համար դա հակամարտություն է յուրայինների միջև: Սա է խնդիրը, և երբեմն սա չեն հասկանում Երևանում, ասում են՝ ինչպե՛ս թե, չէ՞ որ մենք ձեր ռազմավարական գործընկերն ենք, ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ամենևին այդպես չէ: Ստացվում է, որ Մոսկվայի համար յուրաքանչյուր երկիր կարևոր է, առավել ևս՝ ներկայիս իրավիճակում, երբ իրական դաշնակիցներն այդքան էլ շատ չեն»,- նշել է Ա. Կարավաևը: