ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան:

Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը, սակայն, ըստ նրա, դրանք բացառապես կախված են Ադրբեջանի ղեկավարության պահվածքից:

«Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանը, թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին՝ պարզելու համար անձնակազմի ճակատագիրը, անմարդկային կեցվածք է ցուցաբերում, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

«Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,- նշեց նա: