Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակացությանը, որին չէր մասնակցում միայն ՀԱԿ խմբակցությունը: Նրա խոսքով՝ մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է: Շարմազանովը նշել է, որ եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների, ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասին, ապա նա պետք է գնա երկխոսության:

«Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության համար կարևոր խնդիրների ուղղությամբ: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ուշացած չէ՞ քառյակի 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալ, նա պատասխանեց. «Երկխոսությունը երբեք ուշացած չէ: Այս քայլով կառավարությունն ու իշխանությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել, քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերն էլ միանգամից պետք է կատարվեն կամ չկատարվեն, քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի»:

Շարմազանովի խոսքով՝ նախապայմաններ պետք չէ դնել, հակառակ դեպքում ստացվում է՝ արտաքին քաղաքականության մասով մենք մշտապես ասում ենք, որ Թուրքիան չպիտի խոսի նախապայմանների լեզվով, իսկ ներքաղաքական կյանքում նախապայմաններ են դրվում: «Մենք պետք է դադարեցնենք այդպես մտածելուց, ր բազմիցս եմ նշել, որ «ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին» սկզբունքը պետք է մի կողմ դնել»,- ընդգծել է նա: