Լրատվությամբ տարածված լուրերով Լևոն Իգիթյանը փաստորեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց: Նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատել է խմբակի ղեկավարին, ով շատ նվիրված է երևում իր գործին և նրա ազատւմը շատ մեծ վրդովմունք է առաջացրել երեխաների և ծնողների շրջանում: Լուրերում անընդհատ հնչում են Լևոն Իգիթյանի բառերն այն մասին, որ ինքն միանձնյա է որոշում բոլոր հարցերը:

2013թ. ավագանու որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացի դարձած պարոն Իգիթյանի այս վարքագիծը, ցավոք, շատ բնորոշ է իրեն: Ավագանու նիստերին, որը Երևանի մասին օրենքով բազմակուսակցական քաղաքական մարմին է և որտեղ որոշումները պետք է կայացվեն բազմակարծիք քննարկումների արդյունքում, հանրապետական խմբակցության վերոնշյալ անդամը նույն վարքագիծն է դրսևորում, ունի վերին աստիճանի անհանդուրժող կերպար, պահվածքն ուղղակի անհամատեղելի է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման հետ:

Կարծում եմ հասարակության համար շատ կարևոր է իմանալ Երևանի քաղաքապետի ու Ավագանու «Հանրապետական» խմբակցության տեսակետն այս պատմության հերոսի մասին, նամանավանդ, որ նա Երևանի պատվավոր քաղաքացի է: