Արաբկիր բժշկական կենտրենի Երեխաների զարգացման-վերականգնողական կենտրոնի Արտաշատի մասնաճյուղը բացվել է 2011 թվականի մայիսի 6-ին: Կենտրոնում բուժվելն անվճար է: Հիվանդ երեխաները, սակայն, պետք է ունենան հաշմանդամության կարգ և հաշվառված լինեն Արարատի մարզում:

Էրգոթերապիստ Գոհար Հովհաննիսյանը Արտաշատի Վերականգնողական կենտրոնի առաջին աշխատակիցներից է, ով YerevanNews.am-ի թղթակցի  հետ զրույցում պատմեց հիվանդների, գերակշռող հիվանդությունների և շատ այլ հարցերի մասին:

«Մեր հիվանդները աուտիզմով, մտավոր հետամնացությամբ, մանկական ուղեղային կաթվածով, դաունի սինդրոմով հիվանդ երեխաներն են»,- բացատրում է Գոհար Հովհաննիսյանը:

- Ցավոք, հիվանդ երեխաների մեծ մասը մտավոր հետամնացության խնդիր ունի: Իսկ այդ հիվանդությունը կարելի է բուժել միայն մասամբ: Լիարժեք ապաքինում չի լինում այս հիվանդության դեպքում: Այնուամենայնիվ, ես ուրախությամբ կարող եմ նշել, որ 3 ամսվա ընթացքում իմ հիվանդներից մի քանիսի մոտ ակնհայտ առաջընթաց եմ տեսնում:

- Իսկ հատկապես, ո՞ր հիվանդների հետ եք աշխատում:

- Ես աշխատում եմ շարժողական խնդիրներ ունեցող երեխաների հետ: Փորձում ենք վարժությունների միջոցով երեխայի վերջույթները շարժողունակ դարձնել: Երեխաներից շատերը գերզգայականության խնդիր ունեն: Նրանք չեն կարողանում դիպչել առարկաներին, վախենում են դրանից: Երեք ամսվա աշխատանքի արդյունքն այսօր ակնհայտ է: Մի քանիսն արդեն կարողանում են առարկաներ շոշափել ու բռնել:

- Հատկապես ո՞ր տարիքի երեխաների մոտ են առկա Ձեր նշած հիվանդությունները:

- Մեր հիվանդները 0-ից 16 տարեկան երեխաներն են: Սակայն ավելի ծանր վիճակում գտնվում են 0-4 տարեկան երեխաները: Մենք չենք կարող արդյունքի հասնել, եթե տանը երեխայի հետ չպարապեն: Մենք երեխայի հետ աշխատում ենք շաբաթական 2 անգամ` 45 րոպե տևողությամբ: Ծնողները պիտի հետևողական լինեն, տանը օգնեն երեխային, վարժություններ անեն, այլապես մեր արածը «ջուրը կընկնի»:

- Իսկ, ինչպե՞ս եք պայքարում Ձեր աշխատանքի դժվարությունների հետ:

- Սկզբում շատ դժվար էր: Հետո կապվեցի երեխաների հետ: Գիտակցում եմ, որ իմ աշխատանքը պատասխանատու և շնորհակալ գործ է: Ես ամեն կերպ ջանում եմ օգնել երեխաներին, որ ապաքինվեն ու ինտեգրվեն հասարակությանը: Նրանք էլ մեզ պես մարդիկ են…