«Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Բեթթին վատառողջ է, սակայն փորձելու է ամեն ինչ անել լավ հանդես գալու համար: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Մալթայից հայտնում է, որ դահլիճը, որտեղ անցկացվում է «Եվրատեսիլ»-ը, նավաշինարարական տարածք է:

«Տարածքը շատ քամոտ է, և այնքան էլ հարմարեցված չէ համերգասրահի ստանդարտներին, բայց այդ նույն տարածքում օրական երկու ամբողջական համերգի փորձ է կատարվում: Բեթթին փորձերի առաջին օրերին շատ լավ ելույթ ունեցավ, սակայն ծովային քամիներն իրենցն արեցին՝ ջերմություն, հարբուխ: Փառք Աստծո, որ մեր կողքին էր Բելառուսի պատվիրակությունը, որն աջակցում էր մեզ նույնիսկ գիշերը: Մեզ շատ է օգնում նաև Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանը: Մենք շրջապատված ենք հոգատար մարդկանցով, մնում է, որ մեզ հետ լինի մեր հայրենակիցների հոգատարությունը և աջակցությունը՝ իրենց ջերմ խոսքերով և քվեարկությամբ:

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ Բեթթին կկարողանա ուժերը հավաքել և լավ ելույթ ունենալ՝ թեև ջերմություն և մրսածություն ունի:

«Մենք հավատում ենք Բեթիի ներսի արևին: Մեր պատվիրակության բոլոր երեխաներն այս օրերին հիացրել են բոլորին իրենց պարային, ակրոբատիկ ունակություններով, բոլորը խոսում են հայ երեխանների մասին, ասում են, որ պարողները լավն են, և Բեթթին ունի ամենահամով ծիծաղը: Մեզ համարում են ֆավորիտ»,- հավելեց նա: