1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում ձևավորված տասնյակ տնակային ավաններում տեղադրված վագոն-տնակներում, կիսաքանդ շենք-շինություններում, նախկին գործարանային հանրակացարաններում, երկրաշարժի հետևանքով զգալի վնասներ կրած, սակայն հետագայում ամրացման չենթարկված բազմահարկերում հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում են կոմունալ-կենցաղային անգամ տարրական հարմարություններից զուրկ պայմաններում:

Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Առավել ևս էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներից հետո, որոնց պատճառով անգամ ամռան ամիսներին տնակային ավաններում հոսանքազրկումները կրում էին համատարած բնույթ: