ՀՀ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները իրենք են ընտրում, թե որ դասախոսի մոտ են անհատապես պարապելու, ուսանելու: Այս պատճառով Կոնսերվատոիան ունենալով ընդամենը 850-900 ուսանող՝ դասախոսների քանակով գերազանցում է բոլոր պետական ուսումնական հաստատություններին՝ թվով 500-ից անց: Հարց է ծագում, ինչպես են վարձատրվում այս թվաքանակով դասախոսները:

2014-15թթ-ի ուսումնական տարվա իրենց ստացած առաջին աշխատավարձից դժգոհ էին որոշ դասախոսներ: Նրանք իրենց ստացած 5000 դրամ կազմող աշխատավարձը համարել էին «նվաստացուցիչ»:

YerevanNews.am-ի լրագրողը փորձեց պարզել, թե ինչպե՞ս 50 հազար դրամ աշխատավարձ ստացող դասախոսները սկսեցին ստանալ 5000 դրամ: Այս հարցով դիմեցինք ՀՀ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Վ. Հարությունյանին և գիտական գծով պրոռեկտոր Մ. Նավոյանին:

«Անարդար բան էր ստացվում: Այն դասախոսները, որոնք ունեին անհատական պարապող 5, 6, նույնիսկ 7 ուսանողներ նույն վարձատրությունն էին ստանում, ինչ մեկ անհատական ուսանող ունեցող դասախոսները: Մեկ ուսանողը նշանակում է տարեկան 80 աշխատանքային ժամ դասախոսի համար: Պատկերացրեք, որ նույն աշխատավարձն են ստանում տարեկան և՛ 80 ժամ, և՛ 480 ժամ աշխատող դասախոսները: Փաստորեն ստացվում է, որ մյուսների ծանրաբեռնվածության հաշվին որոշ դասախոսներ գումար էին վաստակում: Իսկ որտե՞ղ մնաց ազնվությունը»,- հայտնեց պրոռեկտոր Վ. Հարությունյանը:

Զրույցից պարզ դարձավ, որ ռեկտորատը որևէ որոշում չի կայացրել, որովհետև ռեկտորատը խորհրդակցական մարմին է: Դասախոսների աշխատավարձերի փոփոխության մասին քննարկել և որոշում է կայացրել բուհի կոլեգիալ ղեկավար մարմինը՝ 60 հոգուց բաղկացած գիտական խորհուրդը: Ի դեպ գիտական խորհուրդը իր մեջ ընդգրկում է բուհական պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ 19 ուսանող, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, հայտնեց գիտական գծով պրոռեկտորը:

«Նվաստացուցիչ» աշխատավարձ ստացողների հարցին անդրադառնալով պրն Նավոյանը հայտարարեց, որ ոչ թե աշխատավարձը պետք է համարել «նվաստացուցիչ», այլ այն փաստը, որ արդեն քանի-քանի տարի է ինչ նրանց մոտ սովորել է նախընտրում ընդամենը մի ուսանող: Դա վկայում է իրենց վատ երաժիշտ լինելու մասին: 

Պրոռեկտորները պաշտոնապես հայտարարեցին, որ որևէ դասախոսի աշխատանքից չեն ազատել, առավել ևս պարտադրել, որ դիմում գրի: «Մենք անգամ մեկ ուսանող ունեցող դասախոսներին հնարավորություն ենք տալիս աշխատելու»,- ավելացրեց Վ. Հարությունյանը:

Ինչպես նախօրոք ասվել էր դասախոսների աշխատաժամերը գնահատվել էր գիտաժողովի կողմից պրոֆեսորների և դասախոսների համար համապատասխանաբար 1200 և 920 դրամ: Այսպես ասած «չոր հաշվարկով» մեկ անհատական ուսանող ունենալով դասախոսը կունենա տարեկան 73600 և ամսեկան 7360 դրամ՝ առանց հարկերը հանելու: Հարց ծագեց, արդյոք արժե պահել նմանատիպ «վատ երաժիշտ» հանդիսացող տասնյակ դասախոսների և խթան հանդիսանալ մյուս՝ ավելի պահանջված դասախոսների և պրոֆեսորների աշխատավարձերի ցածր լինելուն: