«Հրապարակ» թերթը գրում է.

««Քարֆուր» սուպերմարկետների ցանցի գալուստին Հայաստանում երկար ենք սպասել: Սակայն վերջին շրջանում մեզ հասած տեղեկությունները՝ կապված «Քարֆուրի» բիզնես-պլանների հետ, կասկածի տակ են դնում՝ արդյո՞ք ֆրանսիական այդ գիգանտի գալուստը մեր երկիր բարի կլինի:

Պարզվում է՝ Հայաստանը կառավարելու է արաբական աշխարհում գտնվող, ավելի կոնկրետ՝ Դուբայի գլխամասային կառույցը, թեև ընկերությունը ֆրանսիական է: Հայաստանում ընկերությունը որոշել է այնպիսի պարտադրող քաղաքականություն վարել մատակարարների հետ, որ վերջիններս ընկել են լուրջ մտածմունքների մեջ՝ գնա՞լ այդ պայմաններով համագործակցության, թե՞ ոչ: Բանն այն է, որ «Քարֆուրում» ոչ թե առաջարկում, այլ իրենց հետ համագործակցության դեպքում պահանջում են, որ մատակարար ընկերություններն իրենց ապրանքը մատակարարեն ահռելի մեծ զեղչերով: Սովորաբար շուկայում ընդունված կարգ է, որ մատակարարները խանութներին ապրանք են տրամադրում առավելագույնը մինչև 5 տոկոս զեղչերով կամ մի փոքր ավելի ՝ կախված ապրանքի տեսակից։ Իսկ ահա դեմոկրատ ֆրանսիացիները որոշել են մի քանի անգամ ավելի մեծ զեղչեր սահմանել և հայ մատակարարներից ապրանքը ձեռք բերել «ջրի գնով»։

Մեր տեղեկություններով՝ նրանց ակնկալած զեղչերը հասնում են մինչև 15 տոկոս և ավելի։ Սա իրենք բացատրում են նրանով, որ ցանկանում են ամենացածր գները սահմանել Հայաստանում։ Սակայն արդյունքում սպառողը դրանից առանձնապես չի շահում, քանզի մատակարարն իր նվազագույն եկամուտն ավելացնելու համար ստիպված պետք է լինի ամբողջ երկրով մեկ բարձրացնել իր ապրանքի գինը, որպեսզի կարողանա նման մեծ չափով զեղչ ապահովել «Special for Carrefour»։ Արդյունքում «Քարֆուրն» ապրանքը վերցնելու է արդեն թանկացած, բայց իր համար մեծ չափով զեղչված գնով և 20-30 տոկոս գին ավելացնելով վրան՝ վաճառելու է մյուս խանութների համեմատ շատ չնչին չափով մատչելի գնով, օրինակ՝ ընդամենը 2-3 տոկոս»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: