Շարունակվում են աղմկահարույց խոսակցությունները կապված Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձի շուրջ: Այժմ էլ շարունակվում են կանխատեսումները այն մասին, որ ներկայիս մարզպետը պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում դեմ էին դուրս եկել:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը հայտնում իրեն սպառնացող երիտասարդների մասին, չկասկածելով, որ դրանց հեղինակը Սուրիկ Խաչատրյանն և իր համախոհները:

«Ես ունեմ քաղաքակիրթ պատասխան բոլորի հարցերին, սակայն երբ խոսում եմ ու պատասխանում եմ քաղաքակիրթ ձևով, սկսվում են հայհոյանքները Լիսկայի խմբի կողմից, դրա համար էլ ես մնում եմ անպաշտպան: Լիսկան և իր խմբակից աղվեսները անցել են գործի: Դրանք բոլորը հանցագործներ են, գող-ավազակների, նարկոմանների խումբ են և Լիսկան ու իր շայկան հենց այդպիսի գործունեություն էլ ծավալում են: Ու եթե մի բան էլ ասում ես քաղաքակիրթ ձևով, սկսում են հայհոյանքները: Իսկ ես չեմ կարողանում պատասխանել, չունեմ այդ լեքսիկոնը: Ընդ որում նրանք հանդես են գալիս ուրիշի սուտ անուններով առանց նկարի սկսում են ինձ հայհոյել: Դրանց մարտահրավերը դա է»,- հայտնում է նա: 

YerevanNews.am-ի այն հարցին, թե Սուրիկ Խաչատրյանն անմիջական կապ ունի աշխատանքից ազատվելու շատերի դիմումների հետ ռեկտորը պատասխանեց. «Ես առաջ հայտարարեցի, որ դրա մեղավորը Լիսկան չէ, հիմա արդեն ես գիտեմ մի քանի փաստեր, ըստ որոնց հենց Լիսկան է ասում դպրոցների տնօրեններին, որ ազատեն որոշակի մարդկանց աշխատանքից, իսկ այդ տնօրենները իրոք, հավի նման լսում են»:

Անձամբ ռեկտորին ոչ ոք չի ասել աշխատանքից հեռացման դիմում գրելու համար, դրա փոխարեն Յուրա Սաֆարյանի հանդեպ Սուրիկ Խաչատրյանը քրեական գործ է հարուցում:

«Լիսկան սովորեցնում է իր թիկնապահներին, որ գնան ու բողոք ներկայացնեն, թե ես իրենց ընտրակաշառք եմ ստանում, և չգիտեմ ինչ-ինչ բաներ: Հատուկ քննչական ծառայությունը արդեն երկու անգամ հետաքննություն է անցկացրել: Սակայն, որ ես մինչև վերջ իմ իրավունքները պաշտպանելու եմ դա փաստ է: Ու ոչ մի Լիսկա ինձ չի կարող գալ ու ասել, թե ես թողնեմ իմ աշխատանքը, կամ դիմում գրեմ հեռանալու»,- ասում է ռեկտորը:

Մեզ հետ զրույցում ռեկտորը չափազանց անհանգստացած էր իր անվտանգությամբ և հայտնում էր, որ ցանկացած նման հրապարակումից հետո «անհայտ անձանց» կողմից հնչում են բազմաթիվ սպառնալիքներ: Հույս ենք հայտնում, որ համապատասխան պետական օղակները կապահովեն ՀՀ քաղաքացու անվտանգությունը: