Երիտասարդ ռեժիսոր, ԵԹԿՊԻ Կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմն արժանացել է ղազախական «ԲԱՍՏԱՈՒ» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։

Փառատոնը, որին այս տարին մասնակցել են 25 երկրի ավելի քան 190 ներկայացուցիչներ, ացկացվում է Ալմաթիում (նախկինում՝ Ալմա Աթա)։

«Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, կյանքի ընթացքը փոխելու փորձի մասին է: Նրանք այդ քայլերն անում են պարի միջոցով. բազում դժվարություններ հաղթահարելու գնով բեմ են բարձրանում: ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ իրականացրած «Աղջիկը լուսնի վրա» նախագիծը պարային ներկայացում է, որի մեջ ընդգրկված են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։

Մի քանի ամիս հետևելով ներկայացման փորձերին և կատարելով նկարահանման աշխատանքներ, Արեն Մալաքյանը փորձել է ավելի լայն բացել փակագծերը՝ ֆիքսելով հերոսների էմոցիաները՝ ոչ ստանդարտ իրավիճակներում։ Ֆիլմում հաշմանդամություն ունեցող երիտասարդները պրեմիերայից առաջ անկեղծանում են տեսախցիկի դիմաց՝ շատ անգամ չմանրամասնելով, թե ռեժիսորն ինչ դրդապատճառներով է անսովոր հարցադրումներով հանդես գալիս։

Նշենք, որ Արեն Մալաքյանն այս տարվա ընթացքում արժանանում է երկրորդ միջազգային մրցանակին։ 2014թ․-ի սկզբին Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայի «Նոր ալիք» միջազգային կինոփառատնում հաղթեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։

Երիտասարդ ռեժիսորն ակտիվ կերպով ներառված է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կինոյի զարգացման ծրագրերում։ Անցյալ տարի Արենը մասնակցել է «Աշխարհը արևածագից մինչև մայրամուտ» լեհական վավերագրական ֆիլմերի նախագծին, որի ընթացքում նկարահանել է «Տատ ու պապ» վարվերագրական ֆիլմը, որն արժանացել է լեհական կինոդպրոցի պրոֆեսրոների ուշադրությանը։

Հ․Գ․ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի պրոդյուսերն է Էդգար Բաղդասարյանը, օպերատորներ՝ Մարտին Հովհաննիսյան, Վազգեն Մարտիրոսյան, մոնտաժը՝ Արեն Մալաքյանի։