Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են 2014թ. երրորդ եռամսյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջանների կատարած աշխատանքի գնահատման և վերլուծության արդյունքները:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն՝ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Արաբկիր, իսկ երրորդ տեղը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը: 2014թ. երրորդ եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:
Իսկ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով 4-11-րդ հորիզոնականներն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Դավթաշեն, Ավան, Էրեբունի, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Աջափնյակ և Նորք-Մարաշ վարչական շրջանները:

Անդրադառնալով գրանցած արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ. «Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է տարվա ընթացքում Ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, համաձայն որի էլ 12 վարչական շրջանները զբաղեցնում են համապատասխան հորիզոնականներ: Պարզապես պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը:

Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել նկատված բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք: