ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Սամվել Էլոյանի` բժշկական կենտրոնում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ բուժող բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 20:25-ին, աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերություն է ընդունվել Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, գործով տուժող Սամվել Էլոյանը, որին բուժօգնություն է ցուցաբերել և հետագա բուժումն իրականացրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության ստացիոնար ծառայության վիրաբույժ-վնասվածքաբան Կ.Մհերյանը:

Ս.Էլոյանին հետազոտելու համար Մհերյանը 2013 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 00:10-ին, բժշկական կենտրոն է հրավիրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ-էնդոսկոպիստին, ով էնդոսկոպիկ ճանապարհով հետազոտել է Սամվել Էլոյանին և ախտորոշել «Կայացած արյունահոսություն, ստամոքսի խոց, կարդիալ փականի անբավարարություն, արտահայտված դուոդենոգաստրալ ռեֆլեքս»:

Այդ պայմաններում, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության, Կ.Մհերյանը, շարունակելով հիվանդ Սամվել Էլոյանի բուժումը, չի ձեռնարկել բավարար և համարժեք ծավալով կոնսերվատիվ բուժմիջոցառումներ:

Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրա նազոգաստարալ զոնդից դիտվել է արյունային արտադրություն:

Բժիշկ Կ.Մհերյանը 2013 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 03:45-ին, Սամվել Էլոյանի անվամբ լրացված բժշկական քարտում գրառում է կատարել այն մասին, որ «Նազոգաստրալ զոնդից կա արյունային առատ արտադրություն, սրճանման բնույթի մակերեսով»: Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտորոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու, շտապ վիրահատական բուժում իրականացնելու փոխարեն՝ բուժող բժիշկը ժամը 06:55-ին «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից Ստեփանավանի ԲԿ է հրավիրել էնդոսկոպիստին՝ էնդոսկոպիկ ճանապարհով հիվանդին հետազոտելու նպատակով, ինչից հետո՝ ժամը 11։30-ին, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Էլոյանին համապատասխան ուղեգրով տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ էլ նա նույն օրը՝ ժամը 15։35-ին, մահացել է ։

Ըստ փորձաքննության եզրակացության՝ բուժվող հիվանդը մահացել է ստամոքսի փոքր կորության շրջանի խրոնիկական խոցային հիվանդության, խոցային արտաքին արյունահոսության, աղիների լուսանցքում ազատ արյան առկայության, ներքին օրգանների սակավարյունության հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

2014 թվականի հոկտեմբերի 09-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: