Երեկ՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ երեք ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգություն», «ՀԱԿ» և «ԲՀԿ» խմբակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքը: Սա «եռյակի» կողմից կազմակերպված արդեն 2-րդ հանրահավաքն էր: Նշենք նաև, որ առաջին հանրահավաքի ժամանակ հնչեցին բազմաթիվ եկույթներ, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ իր խոսքն ասել հաջորդ հանրահավաքին: 

YerevanNews.am-ի զրույցից «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն Եռյակին վերաբերվում է, որպես քաղաքական ուժ, որն իր օրակարգն ունի և իր խնդիրները:

«Խնդիրն այն է, որ մեր երկրի քաղաքական համակարգում իշխանափոխություն, կամ ընդհանրապես հանրային պահանջարկ գոյություն չունի: Գոյություն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ հասարակության տարբեր ճյուղերում, որոնք գտնվում են և՛ իշխանության, և՛ կառավարության ուշադրության կենտրոնում: Հետևաբար երեկվա միտինգի ազդեցությունը քաղաքական համակարգի վրա նշանակալի չի: Էությունը նրանում է, որ հիմնականում հնչում են այնպիսի հարցեր, որոնք այսպես թե այնպես հարթակներում հնչում են, և քննարկվում ԱԺ նիստերի ժամանակ»,- ասաց նա:  

«Սերժ Սարգսյանը անհանգստանալու որևէ խնդիր չունի: Իշխանափոխության համար որևէ հանրային կամ քաղաքական պահանջ գոյություն չունի»,- հայտնեց Արտակ Զաքարյանը: 

Այս պարագայում Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ գործում է շատ դիպլոմատիկ կերպով՝ «չնեղացնելով» իշխանությանը պահանջեց իշխանափոխություն:

YerevanNews.am-ի այն հարցին, թե ինչ է ի վերջո սպասվում հանրահավաքից, իշխանափոխությունը ուղիղ կերպով ինչու չհնչեց Գագիկ Ծառուկյանի ելույթում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց, թե հանրահավաքի ժամանակ բոլորի ելույթներում հնչվել է «իշխանափոխությունը» և առաջարկվել, թե ինչպես է այն արվելու: