1929 թվականի այս օրը Ստեփանավան քաղաքում ծնվեց հետագայի հայ մեծատաղանդ դերասան, արվեստի գործիչ, գրող Սոս Սարգսյանը: Այսօր Սոս Սարգսյան լեգենդը կդառնար 85 տարեկան: Մեկ տարի է արդեն, մեծանուն դերասանը մեզ հետ չէ, սակայն նրա արվեստը դեռ հարատև կմնա հայկական թատրոնի ու հայ մշակույթի այն էջերում, որոնք ստեղծել են մեր մեծանուն արվեստի գործիչները:

Yerevannews-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը դերասանի մասին խոսելուց ընդգծում է, որ մենք խոսում ենք մի լեգենդար դերասանի մասին, ով ուղղակի ոչ միայն արտիստ էր, այլ մի մարդ, ով բացի հայ թատրոնում ու կինոյում ունեցած մեծ դերից, իր նշանակալի դերն է ունեցել նաև հայ մարդու ու հայ քաղաքացու կերպարի մեջ:

Տիգրան Ներսիսյանը նշում է, որ ինչպես մեր բոլոր մեծերի, այնպես էլ Սոս Սարգսյանի դերն ու բացակայությունը հայ թատրոնում շատ է զգացվում: Բայց հայ ազգին, արվեստին թողած իրենց ավանդը կա, ինչը հավերժ է: 

Դերասանը հիշում է. երբ ինքը բեմադրում էր Շեքսպիրի «Լիր արքա»-ն, մի քանի տեսարաններ կային, ուր նաև ինքն էր խաղում: Փորձերի ժամանակ դժվար էր իր համար և բեմադրել, և խաղալ: Դերասաններից մեկին նստեցնում էր իր աթոռին, ինքը բարձրանում էր բեմ ու ասում. հետևիր, թե ես ինչպես եմ անում, ոնց եմ գնում:  էնպես խիստ էր մեր այդ դերասանը իր նկատմամբ, որ ասում էր ես էլ մյուս անգամ քեզ չեմ նստեցնի էդտեղ, դու ինձնից խիստ էս, դու իմ նկատմամբ ինձնից խիստ էս: