«Ես կտրականապես դեմ եմ, խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, դեմ եմ երբ որևէ հարց են տալիս նրա հետ կապված: Մարտի 1-ը քանի փակված չի, որևէ մեկը իրավունք չունի այնպիսի հարց տա, թե կվերադառնա՞ Ռ. Քոչարյանը քաղաքականություն: Այս հետաքննությունը հատուկ փակել են, հատուկ չի գտնվել դավադիրների ամբողջ խումբը, որովհետև դա ծախվել է: Արտաքին աշխարհին պետք է, որ Հայաստանում «փողը» իշխանության գլուխը լինի՝ կատարի որոշակի քայլեր»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Քոչարյանի մասին խոսելը նույնն է, ինչ հանգիստ նայել սպանված երեխայի ծնողների աչքերին նայել ու ասել. «Գիտես, մենք հիմա քննարկում ենք սպանողի քաղաքականություն գնալ-գալը»:

Քոչարյանի ապագան կանխատեսեց Ղարաբաղ կոմիտեի անդամը. «Կգա օր և կգրվի մի ողբերգություն: Կհայտնվի մի նոր ողբերգակ՝ հայ «Շեքսպիր» և անունը կլինի Ռոբերտ Քոչարյան: Նա եղել է մարտիկ, նա եղել է ազատամարտիկ, հետո տրվել է «փողի» աշխարհին: Եվ ահա «փողի» աշխարհի հետ միասին մարտի 1-ին գնդակահարել է այն ժողովրդին, որը դուրս էր եկել, որ «փողի» աշխարհի վերջը տա»:

Ռ. Քոչարյանի մասին խոսել չարժե ըստ Աշոտ Մանուչարյանի. «Երբ մենք խոսում ենք նա ապացույցներ է տալիս ասելով, թե ի՞նչ է եղել որ, ինքը մեղավոր չի, ինքը նորմալ գործել է, ինքն էլ կարող է հիմա ինչ-որ բաներ խոսի-ասի և այլն: Ռոբերտ Քոչարյանը միայն մի բան կարող է անել. Ոտաբոբիկ գնա իր հավատացած աստծո մոտ ու իր մեղքերը քավել: Ուրիշ ոչ մի խնդիր ու անելիք նա չունի Հայաստանում»: