«Իրատես de facto» թերթը գրում է.

«Բավականին հետաքրքիր իրավիճակում է տեղի ունենալու Ալիև-Սարգսյան հանդիպումը:
Այո, հոկտեմբերի 27-ին: Եվ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, թե ինչ-որ մեկը ուրիշ մեկին բան է հասկացնում: Եթե հենվենք սպրդած տեղեկության վրա, այն է` Սարգսյանը համաձայնել է երկկողմ, եռակողմ հանդիպումների շարքին, Ալիևը` ոչ, ապա երկուսին էլ, կարծես, ինչ-որ բան են հասկացնում:
Հիշենք, որ հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանն ասաց, թե «27»-ն ուներ ֆրանս-ամերիկյան հետագիծ: Նույնքան ոչ անհայտ Լիտվինենկոն էլ ասել էր, թե «27»-ը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Պատճառը կրկին Ղարաբաղն էր` Ռուսաստանը դրանով փսորում էր Արևմուտքի ծրագիրը:

Եվ այնուհանդերձ, կարելի՞ է բեկում սպասել հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք հանդիպումից: Կարծում ենք` ոչ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ բանակցությունների մեջ հմտացած Սարգսյան-Ալիև զույգը ևս մեծ քաղաքականությունից հասկանում է: Նրանք միմյանց պաս տալով են շատ դեպքերում փսորել գերտերությունների ծրագրերը` մի անգամ մեկն է ասել «ոչ», հաջորդ անգամ` մյուսը, և պահպանվել է ստատուս քվոն, ինչն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին: Ի դեպ, Հայաստանին ու հենց Սերժ Սարգսյանին անչափ ձեռնտու է նաև ոչ իշխանական ուժերի այսօրվա միտինգը, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոստացել է կրակ կտրել: Սույն «Պրոմեթևսից» Սերժ Ազատիչը կվերցնի կրակն ու Օլանդին կասի. «Բա չես տեսնո՞ւմ` ինչ է անում ընդդիմությունն իմ երկրում, ես ո՞նց կարող եմ որևէ զիջում անել»: Փաստորեն, ԲՀԿ-ն, Ռուսաստանի շահերը սպասարկելիս, մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս:
Ակամա»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: