«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսպես՝ Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը ցավով է արտահայտվել մարտի 1-2-ին իր կառավարության իրականացրած գործողությունների մասին՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ չխնայելով Տեր-Պետրոսյանի հասցեին: Նա նկատել է, որ ողջ մեղավորությունն անձամբ Տեր-Պետրոսյանի վրա է, և հատկապես շեշտել է մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները, որ «գծագրվել ու պլանավորվել են Տեր-Պետրոսյանի թիմի կողմից»: Քոչարյանի պնդմամբ՝ ցուցարարների թիվը եղել է ոչ ավելի, քան 10-11 հազար: Ըստ էության, Քոչարյանն այս հանգամանքով փորձել է արդարացնել իր ծավալած բռնությունները: Այդուհանդերձ, եթե անգամ հրապարակում 10-11 հազար մարդ հավաքված լիներ, իշխանությունը ոչ մի իրավունք չուներ դիմահար կրակ արձակելու հրահանգ տալ: Ավելին՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ձերբակալել ու պատժել բոլոր մեղավորներին: Հետաքրքիր է, որ Բրայզան անմիջապես հակադարձել է Քոչարյանին՝ նկատելով, որ իր տպավորությամբ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի հեղինակությունը նվազեցնելու համար, ով հայությանն ու միջազգային հանրությանը համոզելու կարիք ունի այլևս:

Փենինգտոնն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես հստակեցրել է, թե իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ինքը վերցնում է իր վրա, և եթե որևէ մեղադրելու բան կա, ապա թող հե՛նց իրեն մեղադրեն: Հարկ է արձանագրել, որ Քոչարյանն այս խոսքերով ցույց է տվել, թե ով է իրականում կանգնած իրավիճակի սրելու թիկունքում: Ավելին՝ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել նաև Մարտի 1-ի սպանությունների համար, քանզի, ըստ նրա, միայն իրեն պետք է մեղադրել: Ըստ այդմ, սույն փաստաթուղթը կարող է համարվել Քոչարյանի՝ մարտի 1-ի առնչությամբ տված առաջին ցուցմունքը: Բրայզան հայտնել է իր տեսակետը, թե Հայաստանի իշխանության կողմից նման գործողությունների շարունակականությունն է՛լ ավելի է մեծացնելու լարվածությունը: Ի պատասխան` Քոչարյանն իր անհամաձայնությունն է արտահայտել՝ պնդելով, որ եթե կառավարությունն ամուր մնա իր դիրքերում, ապա ընդդիմությունը շուտով կնահանջի»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: