Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կառավարության այսօրվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն: Էդգար Ղազարյանը Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում է 2012թ.-ի հունիսից: 

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Սա կապում էին Ղազարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև ունեցած ընդհարման հետ: ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ մարզպետն ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու...», ինչին ի պատասխան, ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. «…Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: 

Այսօր YerevanNews.am-ը կապ հաստատեց Վայոց ձորի փոխմարզպետի հետ, որը հաստատեց տեղեկությունը և որպես ազատման պատճառ նշեց այն, որ պրն Ղազարյանը պատրաստվում է զբաղեցնել այլ պաշտոն և սա ըստ էության պաշտոնի բարձրացում է:

«Այսօրվա կառավարության նիստով նրան արդեն ազատել են պաշտոնից: Պատճառը՝ տեղափոխվում է այս աշխատանքից, մեր տվյալներով, իհարկե դեռ չի նշանակվել, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելն է: Սա հավաստի տվյալներ են, բայց նախագահի հրամանագիրը դեռ չի եղել...այսօր, վաղը, մի 2 օրից կլինի»,- ասաց նա: 

Իսկ հարցին, թե արդյո՞ք կապ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ վեճը պաշտոնից ազատվելու հետ նա պատասխանեց. 

«Չէ, չէ, չէ...ինքը հիմա շատ ուրախ է, որովհետև վերջիվերջո գնում է միջազգային ասպարեզ, այնպես որ սա պաշտոնի բարձրացում է: Ուրիշ պատճառ չկա, ուղղակի որպես գրագետ, որպես արժանի երիտասարդ առաջ են քաշում և գնում է շատ կարևոր աշխատանքի»: 

ՀՀ կառավարության ձեռագիրը մեզ արդեն հայտնի է: Այսպիսի «պաշտոնի բարձրացման» մենք ականատես եղանք նաև Սյունիքի դեպքում, երբ նախկին մարզպետը նշանակվեց նոր պաշտոնի: Իսկ մարզպետի պաշտոնում «նոր» մարզպետ նշանակելու հետևանքներին ծանոթ են բոլորը: