«Հայոց աշխարհը» գրում է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան կարևոր է նրանով, թե այն որքանով կնպաստի հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունների աշխուժացմանը, որոնք, չնայած պարբերաբար հնչող հայտարարություններին, վերջին տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում տեղից շարժել:

Այն բանից հետո, երբ Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն եղավ, թվում էր, թե վերջապես կաշխուժանան նաև հայ-իրանական ծրագրերը։ Տարեսկզբին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները փոխայցեր կատարեցին՝ ունենալով մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Սակայն ամեն ինչ դրանով կարծես ավարտվեց։

Այն բանից հետո, երբ Արևմուտքը որոշեց խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այդ երկրում ֆինանսական որոշակի խնդիրներ առաջացան։ Արժեզրկվեց ոչ միայն ազգային արժույթը, այլև ֆինանսական միջոցների սղության պատճառով դանդաղեցին նախատեսված տնտեսական ծրագրերը։ Դա չշրջանցեց նաև Հայաստանի հետ հարաբերությունները։ Առավել ևս, որ երկու երկրների միջև իրականացվող տնտեսական նախագծերը հիմնականում հիմնված են իրանական կողմի ֆինանսավորման վրա։

Իրանում ի հայտ եկած ֆինանսական դժվարությունների և մի շարք այլ երևույթների պատճառով նախատեսված գրեթե բոլոր ծրագրերը ոչ միայն հետ են ընկել նախանշված ժամկետներից, այլև գտնվում են հարկադիր կանգառում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: