Հայկական շոու բիզնեսը վերջին տարիներին լի է ամենատարբեր ժանրերում հանդես եկող, ամենատարբեր ոճով և ամենատարբեր մոտեցումներ ունեցող երգիչ-երգչուհիներով: Այս իրավիճակն, իհարկե, բնական է ամենուրեք: Երիտասարդ կատարողների հոսքը երաժշտական ասպարեզ, նույնիսկ, պարտադիր երևույթ է դարձել, քանի որ անընդհատ շարժ և թարմություն է ապահովում:

Սակայն, ինչպես յուրաքանչյուր ոլորտում, ամենակարևորը ո´չ թե քանակը, այլ որակն է: Իսկ որակ ապահովելու համար վերջին մի քանի տասնամյակներում ողջ աշխարհը քայլում է հետևյալ պարզ ճանապարհով. առանց բարդությունների ներհոսք ապահովել շոու բիզնես, համբերատար սպասել որոշ ժամանակ և ականատեսը դառնալ, թե ինչպես է քանակը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար վերածվում որակի:
Կան «երգիչներ», որոնք ներխուժում են երգարվեստ փողի, ոմանք էլ հեղինակավոր ծանոթի միջոցով: Այս ամենն անշուշտ գաղտնիք չէ ոչ ոքի համար:
Բայց կան նաև երիտասարդներ, ովքեր մասնագիտական ճանապարհ են ացնում: Համապատասխան կրթություն են ստանում համապատասխան կրթօջախներում և միայն դրանից հետո են հայտնվում երգարվեստում:

Նշված երկու տեսակների տարբերությունը նրանում է, որ առաջինները թիթեռի կյանք են ունենում և շատ շուտ մոռացվում են, իսկ երկրորդները մանր, բայց հաստատուն քայլերով տարիների ընթացքում բարձրանում են երգարվեստի աստիճաններով ու մի օր էլ հայտնվում այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն պրոֆեսիոնալները:
Մեր՝ հանդիսատեսներիս, խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ չենք կարողանում ի սկզբանե տարբերակել այդ երկու տեսակներին: Երբեմն քննադատում և փնովում ենք այն երիտասարդներին, որոնց բացարձակ չենք ճանաչում և պատկերացում չունենք անցած ճանապարհի վերաբերյալ:

Իրականում հանդիսատեսի մեղավորությունն այդքան էլ մեծ չէ, որովհետև պարզապես իրավիճակն է դարձել այնպիսին, որ դժվար է տարբերակել: Ուղղակի մենք՝ հայերս, համբերատարությամբ աչքի չենք ընկնում: Այնինչ հենց համբերատարությունն է, որը միակ տարբերակն է ադեկվատ եզրակացություն անելու այս կամ այն երգչի կամ երգչուհու վերաբերյալ:

Հենց նույն համբերատարության բացակայությունն էլ հաճախ դառնում է նաև երիտասարդ կատարողի խնդիրը: Նրանցից շատերը ձգտում են որքան հնարավոր է շուտ ներխուժել երգարվեստ՝ աչք փակելով սեփական թերությունների վրա: Վստահ եմ, որ մեզանից շատ-շատերը կհամաձայնեն, որ շատ ավելի լավ կլիներ, եթե շոու բիզնեսի միակ խնդիրը դա լիներ: Թող երիտասարդ կատարողը մի փոքր շուտ քայլ անի երգարվեստ, բայց լինի տաղանդավոր: Մանր թերությունները ժամանակի ընթացքում կհարթվեն:

Ռոմա Թոմասը (Ռոմիկ Թովմասյան) այն քչաքանակ երիտասարդ երգիչների թվին է պատկանում, ով երկար մասնագիտական ճանապարհ է անցել և ունի համապատասխան կրթություն: Սովորել է Երգի Պետական թատրոնում՝ լինելով Սրբուհի Ստամբուլցյանի սանը: Ռոմա Թոմասը դեռ տարիներ առաջ կարող էր առաջին քայլն անել շոու բիզնես, սակայն չշտապեց, ընտրեց սեփական ձայնը մշակելու և էլ ավելի պրոֆեսիոնալ դարձնելու ճանապարհը, և միայն վերջերս նկարահանեց իր դեբյուտային «Գիշեր» տեսահոլովակը: Երիտասարդ երգչի նորամուտը հայկական շոու բիզնես ստացված է, որովհետև ընտրել է ամենաճիշտ ճանապարհը: Այն է չշտապելը, մանր թերությունները համբերատար շտկելը, երկար ու քրտնաջան աշխատելը, սեփական տաղանդն ու ունակությունները կատարելագործելը: Ռոմա Թոմասը ճիշտ ուղու վրա է, իսկ դա նշանակում է, որ շուտով հայկական երգարվեստում կզբաղեցնի պրոֆեսիոնալ և հանդիսատեսի կողմից սիրված երգիչների համար նախատեսված հարթակներից մեկը:

Նշենք, որ շուտով տեղի է ունենալու նաև Ռոմա Թոմասի երկրորդ տեսահոլովակի պրեմիերան: