«Զարմանալի կլիներ դրամ-դոլարի տատանումներ չլիներ, որովհետև Հայաստանը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն ֆինանսական շուկայում: Եթե կարճ ժամանակահատվածում՝ օր. 5-10 օրվա մեջ, տատանումը չի անցնում 3 տոկոս, պետք չի անհանգստանալ: Հայաստանում անգամ մեկ ու կես տոկոսը չի անցել տատանումները, այնպես որ անհանգստանալու պատճառներ չկան դեռ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը:

«Մեր տնտեսությունը իր դերի մեջ է: Անկախացման օրից Հայաստանը որդեգրեց մոդեռն տնտեսական քաղաքականություն, որը նշանակում է դառնալ խոշոր տերությունների տնտեսական կցորդ: Մենք ուղղակի դառնում ենք մեզ ճնշող տերության տնտեսական կամակատարը: Այնպես որ ԵՏՄ անդամակցելը էական ոչ մի փոփոխություն չի բերի»,- եզրակացրեց տնտեսագետը:

«Օլիգարխիայի պատճառով Հայաստանը դարձել է անմրցունակ»,- իր խոսքը շարունակեց Հարություն Մեսրոբյանը,- «Հայաստանի տնտեսությունը ընդհանրապես մրցունակ չի մի քանի գործոններով: Առաջին և գլխավոր գործոնն է այն փաստը, որ օլիգարխիան և պետությունը սերտաճած է: Բոլոր ասպարեզներում խոսել ինչ-որ ծրագրերի մասին անիմաստ է, որովհետև մեկ շահ է գործում՝ օլիգարխի գերշահույթը: Երբ նավթի գինը շուկայում 25 տոկոս անկում է ապրում, Հայաստանում նավթի գնի 1 տոկոսի անկում անգամ չգրանցվեց: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսը հայրենասիրություն չի ճանաչում: Այնպես որ, ավելի ձեռնտու է ապրանքը բերել Թուրքիայից և վաճառել, քան սկսել 15-ամյա ներդրումներ կատարել Հայաստանում հույս ունենալով շահույթ ստանալ տասնամյակներ անց»:

«Հայաստանը ունի ամենամեծ ու հզոր հաղթաթուղթը տնտեսապես աճելու համար՝ էլեկտրաէներգիայի ավելցուկը: Մեր մոտ հիմա օրհասական վիճակ է: Ատոմակայանը վերջ ունի, և այդ վերջը եղել է դեռ 2004թ-ին: Հիմա մենք դա ուղղակիորեն կարկատում ենք: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք հայտնվել կրկին մոմի լույսի տակ»,- իր խոսքում շեշտեց քննարկմանը ներկա գտնվող Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: