Տաքսիները՝ ինչպես ամբողջ աշխարհում , այնպես էլ մեզ մոտ մեր առօրյայի մի մասն են կազմում, և այս փոխադրամիջոցից օգտվելու ընթացքում մեզ մոտ բազմաթիվց խնդիրներ են առաջանում: Այս հարցում «ՋՋ լաբարաթորիզ» ընկերությունը նորարար մի լուծում է գտել: «Ելակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ընկերության համահիմնադիրները ներկայացրեցին  տաքսիների սպասարկման ոլորտը բարեփոխելու նպատակով հայ ծրագրավորողների նախագիծը:

Նախագիծն իրենից մի համակարգ է ներկայացնում, ըստ որի, յուրաքանչյուրը, ներբեռնելով համապատասխան ծրագիրը իր սմարթֆոնի մեջ, կարող է վերահսկել և գնահատել այն խնդիրները, որոնք առաջանում են տաքսի պատվիրելու ժամանակ կամ դրանից հետո: Օրինակ, երբ զանգահարում եք, պատվիրում, բայց ավտոմեքենան ուշանում է, ձեր սմարթֆոնի միջոցով կարող եք հետևել, թե այդ պահին ավտոմեքենան որտեղ է, և որքան ժամանակից այն կհասնի:

«Փողոցից պատվիրած տաքսիների դեպքում բացասական հետևանքները էլ ավելի մեծ են, փոխարենը այս ծրագրի միջոցով դուք կարող եք վերահսկել նաև տվյալ ծառայության  կամ անհատ վարորդի սպասարկումը»,-նշեց «ՋՋ լաբարաթորիզ» ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը՝ հավելելով, որ  համակարգը թույլ է տալիս նաև վերահսկել վարորդի աշխատանքը, գնահատել այն, որի միջոցով վարորդը կամ դրական վարկանիշ է հավաքում, կամ հեռացվում է տվյալ ծառայությունից:

Այսինքն, ամբողջ գործընթացը, զետեղվում է միայն սմարթֆոնի մեջ, որից կա նաևվարորդի մոտ: 

Համակարգը արդեն 6 ամիս է՝ ինչ գործում է, այժմ մոտ 50 վարորդ օգտվում է ծրագրից: Մարդկանց թիրախային խումբը դեռևս կազմում են երիտասարդները, դպրոցականները: Բանախոսների խոսքով, առաջիկայում բացի Հայաստանից, ծրագիրը նախատեսվում է տարածել նաև Վրաստանում: