Դատավորից նկատողություն ստացած քննիչը՝ Արմեն Կավեյանը, քննվող գործից հետո ստացել է պաշտոնի բարձրացում: Այս մասին հայտնել է «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

Մանրամասնելով ամբողջ գործի մասին Վահան Մարտիրոսյանը բարձրաձայնեց մեր դատական համակարգի բարեկամական, հարևանական աշխատելաոճի մասին. «Բռնաբարություն կատարողը լիովին արդարացված է մեր հասարակության մեջ՝ իրավապահ մարմինների կողմից: Քննիչները՝ որոնցից մեկը բռնաբարողի ընկերն է եղել, ջանք ու եռանդ չի խնայել աղջկա՝ տուժող կողմի կյանքը դժողքի վերածելու համար: Քննիչի և բռնաբարողի ընկերության մասին վկայել է նրանց ունեցած հաղորդագրական կապը՝ որը գտել է գործով զբաղվող իրավաբանը: Վերաքննիչ դատարանը անգամ դրա վրա աչք փակեց»:

Վերաքննիչ դատարանում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ աղջիկը ստացել է կուսաթաղանթի պատռվածք, բազմաթիվ կապտուկներ, իսկ քննությունից հետո նաև հոգեբանական սթրեսի է ենթարկվել քննիչի կողմից և 20 օր ստացիոնար բուժում ստացել հոգեբուժարանում. «Վերաքննիչ դատարանում ուղղակի որոշումը գրեցին հաշվի չառնելով ոչ մի հանգամանք՝ դատավորը գրեց, որ «մածունը սև է» և գործը փակվեց»,- հայտնեց Վահան Մարտիրոսյանը:

«Ներազգային ազատագրական շարժման» ստեղծողն ու ղեկավարը հայտարարեց, որ իրենք գրել են նամակ և նա անձամբ պետք է այն հանձնի վերաքննիչ դատավորին՝ որն այդ գործը քննել է: «Մենք պահանջում ենք գործի վերաքննություն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից: Եթե նա սիրում է բարձրաձայնել, թե իր գործունեության շրջանակներում ինչ մեծ բարեփոխումներ են եղել, ապա մենք կբարձրաձայնենք, թե ինչ խայտառակ ու նվաստացուցիչ դեպքեր էլ են գրանցվել», բարձրաձայնեց Վահան Մարտիրոսյանը: Նամակը պարունակում է 30 մտավորականի, քաղաքական գորշիչների, պատգամավորների ստորագրություն, պահանջով անհապաղ գործի վերաքննություն՝ անարդարությունը վառ ցուցադրելով: