«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը հանձին նախագահ Ամո Շարոյանի կոչ է անում բոլոր հզոր պետություններին օգնության ձեռք մեկնել ամեն օր սպանվող եզդիներին: Ամո Շարոյանը հղել է նաև բաց նամակ. 

«2014թ. Օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը, այս էլ որերրորդ անգամ խնդրում և կոչ ենք անում դադարեցնել եզդների ցեղասպանությունը, բայց այն շարունակվում է 21-րդ դարում` քաղաքակիրթ մարդկության աչքի առջև: Ֆիզիկապես ոչնչացնում են ինչպես եզդիներին, այնպես էլ հայերին և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչ են անում Իսլամական պետության հրեշները եզդիների, հայերի և մյուսների նկատմամբ, անգամ ամենասարսափելի հրեշավոր երազում հնարավոր չէ պատկերացնել: ԻՊ հրեշները մոր աչքի առջև ողջ-ողջ թաղում են երեխաներին: Տղամարդկանց աչքի առջև սպանում են նրանց մայրերին, քույրերին ու կանանց: Իհարկե ահավոր ցավը շարունակվում է և աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարները գործուն, հնարավոր միջոցներ ձեռնարկելու փոխարեն տարբեր ամբիոններից, գույնզգույն փողկապներով ելույթներ են ունենում: Գտնում եմ, որ սխալ է, որովհետև դեռևս հազարավոր եզդի կանայք գտնվում են ստրկության մեջ, հազարավոր երեխաներ գերեվարվել են և պահվում են տարբեր մեկուսի վայրերում, որպեսզի դավանափոխ արվեն: Հազարավոր եզդիներ գտնվում են սարերում անօթևան և անօգնական վիճակում: ԻՊ-ի հրեշները եզդիների և մյուս ազգերի ցեղասպանությունը ընդունում են և նույնիսկ արդարացնում իրենց ոճիրը՝ գտնելով, որ եզդիները և քրիստոնյաներն այլադավ են, հպարտանում են, որ աշխարհում նորից ստրկություն և ստրկավաճառություն են հաստատել:

Խնդրում եմ Ձեզ բոլորիդ` մեր ընդհանուր տան մոլորակի բնակիչներին, անենք հնարավոր ամեն ինչ եզդի, հայ, քուրդ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը դադարեցնելու համար, փրկեք Շանգալը, Քոբանին:

Միջազգային հանրության լռությունը և անգործությունը կարելի է բնութագրել որպես անուղղակի միջամտություն մեր ժողովրդների անմարդկային ցեղասպանությանը: Երբ և ինչ ուզում է լինի, մանավանդ 21-րդ դարում մենք պարտավոր ենք մարդ մնալ և պահպանել համամարդկային արժեքները: Հավատացեք՝ օգնելով եզդիներին և մյուս ժողովուրդներին՝ դրանով գերհզոր պետություններ, դուք կփրկեք աշխարհը և կապահովեք նրա խաղաղ ապագան»: