Դժվար է պատկերացնել ժամանակակից մարտը առանց հրետանու, ավիացիայի, տանկերի, հակատանկային հրթիռային համալիրների կիրառման: Դրված խնդիրների մեծ մասը, իհարկե, պատկանում է հրետանուն, քանի որ հրետանին օժտված է մեծ հզորությամբ, կրակի բարձր ճշտությամբ և հեռահարությամբ, լայն զորաշարժի ունակությամբ, հակառակորդի թիկունքում տեղաբաշխված կարևոր օբյեկտների վրա, կարճ ժամանակահատվածում, կրակի հանկարծակի կենտրոնացման կարողությամբ:
«Հրետանի» -«артиллерия» բառը ծագել է իտալական arte (искусство-արվեստ) և tirare (стрелять-կրակել) բառերից: 

Արցախյան ազատագրական պայքարի տարիներին դժվարին էր մեր զինուժի երկունքը: Իր ակունքներում ունենալով խորհրդային բանակի ավանդույթները` նորանկախ Հայաստանի բանակն, այնուամենայնիվ, ստեղծվեց հույժ անհրաժեշտությունից ելնելով` հիմնվելով ֆիդայական ջոկատների վրա և որն, ամենակարևորն է, կայացավ հայրենիքի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պատերազմական գործողություններին զուգընթաց:

Մեր Զինված ուժերի հրթիռա-հրետանային զորատեսակը ծնվել է պատերազմի թոհուբոհում: Նորաստեղծ Հայոց բանակի հրետանային ստորաբաժանումների դերն արցախյան գոյամարտում դեռ սպասում է իր ուսումնասիրողին: Մի բան սակայն ակնհայտ է. արցախյան հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկը եղել է մեր հրետանավորների գրագետ գործելը` հատկապես Շուշիի ազատագրման և Լաչինի միջանցքի բացման ժամանակ:

Հրետանային ստորաբաժանումների ձևավորման սկիզբը կարելի է համարել 100 մմ
ԿՍ-19 հրանոթների ստեղծմամբ: Այդ ժամանակ համակարգային կազմավորված հրետանային ստորաբաժանումները և հրանոթները գործարկում էին ազատամարտիկները, որոնք խորհրդային բանակում ծառայել են որպես հրետանավորներ: Այդ ժամանակ ամենակարևոր խնդիրն էր համալրել հրետանին մասնագիտական կադրերով: Աստծո կամքով թե մեր ազգի հեռատեսությամբ` բավականին շատ էին Թբիլիսիի հրետանային ուսումնարանում սովորած և խորհրդային բանակում մեծ փորձ ձեռք բերած հրետանավոր հայորդիները, որոնց մի մասը պահեստազորից, իսկ մյուս մասը հայրենիքի կանչով թողեց ծառայությունը ռուսական բանակում և վերադարձավ ու զինվորագրվեց նորաստեղծ մեր բանակին:

1992թ-ի հոկտեմբերին թշնամին մեծ ուժեր էր կուտակել Լաչինի միջանցքի երկու կողմերից և պատրաստում էր հարձակվել` միջանցքը փակելու և Արցախը խեղդելու նպատակով: Մեր ԶՈՒ հրամանատարությունը և հրետանու վարչությունը առաջին անգամ ստեղծեց հրետանու մեծ խմբավորումներ, որոնց կրակային հարվածները ոչ միայն ջախջախեցին թշնամու ուժերին, այլև մեր զորքերին հնարավորություն տվեցին անցնել հակահարձակման և ազատագրել այլ գրավյալ տարածքներ` Կուբաթլու, Զանգելան, Քարվաճառ և այլն: Հաշվի առնելով հայրենիքի սահմանների համար մղված մարտերում հրետանու մեծ դերին` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, ՀՀ ԶՈւ-ում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:


YerevanNews.am-ի խմբագրական անձնակազմը շնորհավորում է բոլոր հրետավորներին այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում, որ փողերը որոտան միայն զորավարժարաններում: