ԼՂՀ-ի նախկին արտաքին գործերի նախարար՝ Արման Մելիքյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել.

«Թուրքիան, հիրավի, կարողանում է հստակ ձևակերպել միջազգային հանրությանը ներկայացվող այն պայմանները, որոնց կատարման պարագայում կարող է ստանալ իր համար ցանկալի առավելագույն արդյունքը: Ընդ որում դա անում է այնքան մտածված ու շրջահայաց կերպով, որ նրան դժվար է մեղադրել անհետևողականության կամ անսկզբունքայնության մեջ:

Այդպիսի պահվածքի լավ օրինակ են ԻԼԻՊ խմբավորման դեմ համատեղ պայքարի և քուրդ բնակչությանը ցեղասպանություից փրկելու համար իր ռազմակայանները կոալիցիոն ուժերին տրամադրելու խնդրանքին ի պատասխան ներկայացված թուրքական նախապայմանները՝ Թուրքիան պահանջում է Սիրիայի հյուսիսում սահմանել թռիչքազերծ գոտի ու,նաև, միասնաբար նախագահ Ասադի վարչակազմի տապալմանն ուղղված վճռական ջանքեր գործադրել: Թռիչքազերծ գոտու ստեղծումը միայն մեկ նպատակ կարող է ունենալ՝ սիրիական իշխանական օդուժը պետք է զրկված լինի երկրի հյուսիսում ու հյուսիս-արևելքում թռիչքներ կատարելու և ռազմական գործողությունների մասնակցելու հնարավորությունից:

Դա չի թեթևացնի ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ մարտնչող սիրիական քրդերի վիճակը, բայց կստիպի նրանց առհասարակ մոռանալ Ասադի վարչակազմի հետ հնարավոր համագործակցության մասին: Եթե թուրքական նախապայմանները կատարվեն, ապա էապես կծանրանա նախագահ Ասադի վիճակը, քրդերն էլ կդառնան թուրքական կամակորությունների պատանդը, իսկ եթե չկատարվեն՝ ԻԼԻՊ-ի գրոհայինների ձեռքով քրդերի ցեղասպանությունը կարող է իրականություն դառնալ, բայց Թուրքիան դրա համար պատասխանատվությունն իր վրայից հանած կլինի ու կմեղադրի ԱՄՆ-ին ու նրան սատարող կոալիցիայի անդամներին: