Իր իսկ արվեստանոցում դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանը ներկայացնում է սեփական աշխատանքները և համեստորեն զրուցում աշխարհի տարբեր անկյուններում ներկայացրած հավաքածուների մասին: Գևորգը նաև խոսեց հայտնիների հետ իր համագործակցությունների մասին, ինչպես նաև պատասխանեց YerevanNews.am-ի՝ իրեն ուղղած մի շարք հարցերին:

Հարցին, թե հայ հայտնիներից ում հետ է համագործակցել, Գևորգը պատասխանեց, որ աշխատել է Արտո Թունջբոյաջյանի և նրա խմբի հետ, Արա Գևորգյանի, Ալլա Լևոնյանի և վերջերս նաև Եվա Ռիվասի: Խոսելով առաջիկա ծրագրերում պլանավորած ցուցահանդեսների մասին, դիզայներ-մոդելավորողն ասաց, որ իր աշնանային հավաքածուն ցուցադրելու համար արդեն հրավերներ ունի Բելոռուսից, Ուկրաինայից և Մոսկվայից:

- Հայ մոդելները, որոնց հետ աշխատում եք, Ձեզ հետ մեկնելու՞ են այդ երկրներ:

- Ոչ, քանի որ հենց այդ երկրներում մոդելները շատ-շատ են և այստեղից տանելու կարիք ընդհանրապես չկա: Տվյալ երկրներում արդեն աշխատելու փորձ ունեմ և կարող եմ ասել, որ շատ հեշտ է այդ առումով:

- Ինչպիսի՞ արտաքին տվյալներ պետք է ունենան մոդելները, որպեսզի Ձեր ընտրությունը կանգ առնի հենց նրանց վրա:

- Դա առաջնահերթ կախված է նրանից, թե ինչ հագուստներ պետք է ցուցադրեն, իսկ ընդհանրապես ինձ համար կարևոր է մոդելի հասակը, կոնքերի և գոտկատեղի չափսերը, ոչ թե դեմքի գեղեցկությունը, կամ նրա աստղային կարգավիճակը: Մոդելը նրա համար է, որ հագուստը ցուցադրի, այլ ոչ թե սեփական գեղեցկությունը:

- Ե՞րբ եք ցուցադրել Ձեր առաջին հավաքածուն, որտե՞ղ և թվով քանի՞սն են ընդհանրապես Ձեր հավաքածուները:

- 2002թ.-ին է ցուցադրվել առաջին հավաքածուս Սիրիայում, իսկ դրանից հետո շատ են եղել, կոնկրետ թիվը չեմ կարող ասել: Միայն Սաուդյան Արաբիայում արևելյան ոճով մոտ քառասուն հավաքածու եմ ունեցել: Հայաստանում տարին մեկ կամ երկուսն անպայման լինում են:

Գևորգը զրույցի ընթացքում նաև անդրադարձավ հայ արտիստների հագ ու կապին, հավելելով, որ տարբեր միջոցառումների ժամանակ նկատել է, որ կան արտիստներ, որոնք հագնվում են իրենց ճաշակով, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիզայներների օգնությամբ: Լինում են դեպքեր, երբ դա նրանց հաջողվում է, բայց շատ դեպքերում հակառակ իրավիճակն է: Սակայն ուրախությամբ նաև նշեց, որ վերջին տարիներին առաջընթաց կա:

- Հաջողակ արտիստ լինելուն նպաստու՞մ է նորաձև լինելը:

- Կան արտիստներ, օրինակ երգիչ-երգչուհիներ, ովքեր հրաշալի ձայն ունեն և այդքան էլ չեն կարևորում իրենց նորաձև լինելը, բայց հակառակն անելը նրանց համար էլ պլյուս կլինի: Կան նաև արտիստներ, ովքեր միանշանակ պետք է նորաձև լինեն, քանի որ հանդիսատեսին առաջին հերթին իրենց արտաքինով են գերում: Կարծում եմ, յուրաքանչյուր արտիստ պետք է հետևի նորաձևությանը, որովհետև դա հաստատ նպաստում է:

- Ո՞րն է Ձեր նախընտրած ոճը:

- Հայկական տարազների զարդանախշային լուծումներով եմ շատ սիրում աշխատել: Բազմիցս եմ օգտագործել մեր տարազների ամենատարբեր էլեմենտներն արդիական ձեռագրով: Իսկ ընդհանրապես իմ ոճը երեկոյան զգեստներն են, որոնց վրա գերակշռում են ձեռքով կատարված աշխատանքները, ոչ թե հարթ կտորները: