«168 ժամ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 24-ին Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և խոսելով Շանթ Հարությունյանի մասին` նշել էր. «Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, նա հանցագործություն է կատարել»: Անդրադառնալով Ս.Սարգսյանի այս հայտարարությանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն 168.am-ի հետ զրույցում ասել է. «Բոլոր երկրները, որոնք քաղբանտարկյալներ ունեն, հիմնականում ավտորիտար կամ բռնապետական տիպի երկրներ են, բայց այդ բոլոր երկրներում քաղաքական բանտարկյալներն իրենց քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով են դատապարտվում: Հասարակությունը կամ միջազգային կազմակերպություններն են որոշում՝ արդյոք նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:

Ի դեպ, ասեմ, որ այդ տեսակետից Խորհրդային Միությունում կային քաղբանտարկյալներ, որոնք հստակ հոդվածով էին դատապարտվում՝ հակախորհրդային քարոզչություն: Ըստ էության, այդ հոդվածը քաղաքական էր, բայց կային նաև քողարկված քաղաքական բանտարկյալներ, որոնք այս կամ այն պատրվակով իբր քրեական հանցագործություններ են կատարել և դատապարտվել են: Հայաստանում էլ տարբեր ժամանակներում՝ անկախ Հայաստանում, եղել են քաղբանտարկյալներ, և ոչ մի իշխանություն՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, չեն ընդունել, որ նրանք քաղբանտարկյալներ են: Դա ընկալման հարց է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: