Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այսօր հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է Մ. Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում և իր օգնականներին հրահանգում, իր խոսքերով, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջև այդ պահին առևտրականներ կանգնած չեն։

Նույն տեսանյութի վերջում՝ լրագրողին տված կարճ հարցազրույցում նա չի հերքում, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ցույցին մասնակցելու հետ։ Առևտրականները, ենթադրաբար, այդ պահին մասնակցում էին Կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։

«Հիմա շրջում ենք շուկայում, որ տեսնենք՝ ով չի էկել, որ կարգի հրավիրենք»,-ասում է լրագրողին։

Վաղարշ Աբրահամյանը հաստատում է տարածված այն տեղեկությունը, որ ինքը հրահանգել է իր աշխատակիցներին չմասնակցել բողոքի ակցիային, նա համոզմունք է հայտնում, որ ճիշտ է արել և հայտարարում է, որ «միջոցներ են ձեռնարկում», որ մարդիկ Կառավարության շենքի մոտից հետ գան, իսկ չգալու դեպքում սպառնում է «իրենց տեղերը տալ ուրիշին»։