Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 կազմակերպության շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Այս դահլիճում հավաքվել են հոգևոր աշխարհի, համահայկական կառույցների, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ դերակատարություն ու հեղինակություն վայելող առանձին անհատներ:

Սրտանց ողջունում եմ բոլորիդ մայր Հայրենիքում: Ինչ դժվարություններով էլ անցնեն, զավակներն ի վերջո միշտ վերադառնում են իրենց ծնողների ընտանեկան հարկի տակ: Եվ այս՝ արդեն հինգերորդ հավաքը ևս մեր ընտանեկան վերամիավորման միջոցառում է:

Վստահ եմ, որ երկօրյա քննարկումների ընթացքում դուք առաջարկել, քննարկել և ընդունել եք համահայկական նոր ծրագրեր, մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունները, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի կկոչվեն առաջիկայում և կնպաստեն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա զարգացմանը:

Համահայկական հարցերի լուծմանն ուղղված ձեր լայնածավալ աշխատանքներն ու ջանքերը, ձեր հետևողական ու հայրենանվեր մոտեցումը համազգային առաջնահերթությունների հարցում, հայի հնարավորություններն ու ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելու ձեր գործողությունները գնահատված են Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, այս օրերին հնչած որևէ միտք և գաղափար չի վրիպելու մեր ուշադրությունից, այլ ենթարկվելու է մանրազնին վերլուծության սփյուռքի նախարարության և այլ կառույցների մասնագետների կողմից:

Սիրելի՛ գործընկերներ,

Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով:

Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում:

Այն, իհարկե, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնհայտ են «մերոնք» և «հակառակորդները»: Արտաքին վտանգի դեմ համախմբվելն այդքան էլ դժվար գործը չէ: Առօրյա կյանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես, մենք ինքներս ենք: Ուստի և պետք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերությունների, թուլությունների, թափթփվածության դեմ:

Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր և միակ գրավականն ազգային պետությունն է:

Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը»: