«Հրապարակ» թերթը գրում է.

«250 մլն դոլարի ընդհանուր ապառքներ, որից 150 մլն դոլարը «Մեժգոսբանկի» փողն է, և մոտ 15 մլն դոլարի էլ չվճարված աշխատավարձ. երեկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վերջապես հրապարակեց «Նաիրիտի» հետ կատարված ողբերգության թվային պատկերը: Ոչ պաշտոնական տվյալներով, ռուսական պարտքն ավելի մեծ է և տոկոսներով հանդերձ մոտենում է 250 մլն-ի:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հրավիրել էր ԱԺ պատգամավորների, «Նաիրիտի» ներկա և նախկին տնօրեններին, փորձագետների, որպեսզի քննարկեն գործարանի ողբերգական վիճակը, առաջիկայում էլ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկների փաթեթ մշակեն և դնեն վարչապետի և նախագահի սեղանին: Սակայն քննարկմանը չկային ողբերգության հիմնական դերակատարները՝ ոչ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, որն ստորագրեց մեր գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքն օֆշորային «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերությանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, լինելով ԱՊՀ միջպետական բանկի խորհրդի նախագահը, «քավոր կանգնեց» «Նաիրիտի» գրավադրմանը ԱՊՀ միջպետական բանկում ընդամենը 70 մլն դոլարով, ապա ծածկեց բոլոր մութ գործարքները, որոնք կատարվեցին գործարանի հետ՝ ուռճացնելով վերջինիս պարտքերը: Չկար նաև տնօրեն Վահան Մելքոնյանը, ում օրոք կուտակվեցին միլիոնների հասնող ապառքները: Նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչ չկար, որ պատասխաներ պատգամավորների հարցերին: Միակ փաստացի պատասխանողը Երվանդ Զախարյանն էր, ով պատասխանատու չէ կատարվածի համար: Նաև առաջին անգամ նախարարությունը հաստատեց այն, ինչ մենք ամիսներ շարունակ գրում էինք՝ այսինքն, որ բազմաթիվ բիզնես-ծրագրերի, «Նաիրիտում» լուրջ ներդրումներ կատարելու մասին զրույցներն իրականում բլեֆ են, ոչ մի ներդրող չկա: 

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ «Նաիրիտը» միշտ էլ ձախողված պրոյեկտ է եղել, և, որպես հայրենասեր մարդիկ, մենք պետք է լուծումները գտնենք: «Պետք է համադրել գործարանի պարտքերը գործարանի ակտիվների շուկայական գնահատականի հետ, այսինքն, այսօր «Նաիրիտը» ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում ի՞նչ արժե: Արդյո՞ք տեխնոլոգիան հնացել է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: