Վաշինգտոնը ողջունում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է Ria Novosti-ն:

«Մենք ողջունում ենք Շոտլանդիայի անկախության վերաբերյալ երեկվա հանրաքվեի արդյունքները և Շոտլանդիայի ժողովրդին շնորհավորում ենք ժողովրդավարության լիակատար իրագործման համար»,- ասվում է  ուրբաթ օրը Սպիտակ տան մամլո ծառայության հայտարարության մեջ:

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը «ավելի մտերիմ դաշնակից չունի, քան Մեծ Բրիտանիան է», և Վաշինգտոնը սպասում է Բրիտանիայի ժողովրդի հետ սերտ և հատուկ հարաբերությունների շարունակվելուն:

Նշենք, որ Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին անցկացված Մեծ Բրիտանիայի կազմից տարածքի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքում Շոտլանդիայի անկախության օգտին քվեարկել է ընտրողների 44,7%-ը, դեմ՝ 55,3%-ը: