Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննության ենթարկվեց վթարի գործով ավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանը:

Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի այն հարցին, թե «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ինչ աստիճան է շրջվել բախման հետևանքով, փորձագետը պատասխանեց, որ շրջվել է մոտ 180 աստիճան:

«Դա նշանակո՞ւմ է, որ «Նիվան» շրջվելու հետևանքով կանգնել է իր կանգնած դիրքին հակառակ ուղղությամբ»,-փորձագետին հարց ուղղեց պաշտպանը, որին ի պատասխան Խորեն Զաքարյանը ցույց տվեց վթարի մակետի մեքենաները՝ նշելով. «Դուք մեքենան շրջում եք տեղում, բայց տեղաշարժ չեք տալիս դրան»:

Վարդան Պետրոսյանի պաշտպանին, սակայն, պատասխանն այդքան էլ համոզիչ չթվաց և նրա դիտարկմամբ, փորձագետն իր հարցին չպատասխանեց:

Փաստաբանը նախ հիշեցրեց, որ փորձաքննությունը սկսվել է նոյեմբերի 4-ին, ապա նոյեմբերի 5-ին կասեցվել, իսկ որպեսզի փորձագետին տրամադրվեն ելակետային տվյալներ, հետո նոյեմբերի 6-ի երեկոյան արդեն փորձաքննությունն ավարտվել է, 7-ին արդեն պատրաստ է եղել փորձագիտական եզրակացությունը:

Փաստաբանի կարծիքով անհավանական է նաև այն փաստը, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, քննչական գործողությունն ավարտվել է, նոյեմբերի 7-ին արդեն եզրակացությունը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հակադարձելով նրան, փորձագետն ասաց, որ 4 լիարժեք օրվա ընթացքում 2 փորձագետ կարող էին ավելին անել: Արձագանքելով նրան, պաշտպանն ասաց, որ փորձագետները ելակետային տվյալներ նախապես չեն ունեցել: «Եթե դուք տվյալ չեք ունեցել վթարի մեխանիզմի խոչընդոտների վերաբերյալ, ինչպե՞ս եք փորձաքննություն կատարել»,- հարց հնչեցրեց փաստաբանը, ինչին ի պատասխան փորձագետն ասաց. «Հո չէի՞նք սպասելու ու ոչինչ չանեինք»:

Փաստաբանը հնչեցրեց նաև այն հարցը, թե արդյոք «Նիվա» մակնիշի մեքենայում թույլատրելիից շատ անձանց քանակությունը կխոչընդոտեր, որպեսզի «Նիվայի» վարորդը չտեսներ իր ետևից եկող մեքենան, սակայն դատավորը հանեց հարցը՝ նշելով, որ նախաքննական մարմինը փորձագետին նման հարց առաջադրած չի եղել:

Բաղդասարյանի հարցին տեղից արձագանքեց մահացած երեխաներից մեկի մայրը. ««Նիվան» չտեսավ հետևը, թող ինքը դիմացը տեսներ, ինքն էլ հո՞ մենակ էր»:

Փորձագետի հարցաքննությունն ավարտվեց: