ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:

Վիտալի Կովալյովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով Արամայիս Գրիգորյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, հույս է հայտնել, որ ՀՀ Բնապահպանության նախարարության և NABU-ի երկարամյա համագործակցությունը կշարունակվի առաջիկայում ևս:

Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ իր հերթին կարևորել է երկու կառույցների երկարամյա սերտ համագործակցությունը և այն, որ NABU-ի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հայաստանում, ինչը փաստում է, որ առաջիկայում ևս կողմերի համագործակցությունը կլինի բավականին ակտիվ, իսկ արդյունքներն առավել շոշափելի: Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության, դրանց արդյունավետ շահագործման և կառավարման ավտոմատ համակարգի անցման շրջանակներում համատեղ ծրագրեր ձեռնարկելու, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն ընդլայնելու և այդ տարածքների կառավարումն առավել արդյունավետ և ժամանակակից դարձնելու հարցերը և պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով մոտ ապագայում հանդիպել արդեն կոնկրետ նախագծային քննարկումներ իրականացնելու նպատակով: