Հայաստանին նվիրված մի շարք երգեր կան, որոնք առանձնանում են թե′ իրենց թեմատիկայով, թե′ ասելիքի խորությամբ, թե′ այն հայրենասիրական գաղափարախոսությամբ, որով շնչում են այդ երգերը: Բայց ահա «Հազար գույներ» երգի հիման վրա Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ նկարահանված տեսահոլովակն իր հետ կբերի մի նոր խոսք, նոր շունչ և նոր գույներ:

Երգի, երաժշտության հեղինակը Կարեն Մարգարյանն է: Այն գրվել է դեռևս 2004-ին և ընդգրկվել է Կարեն Մարգարյանի համանուն ձայնասկավառակում: 2009 թ. այս երգով բացվեց Nokia թատրոնում կայացած “Armenian music award” մրցանակաբաշխությունը: Հենց այդ ժամանակ էլ նկարահանվել են ԱՄՆ-ի կադրերը, բայց ահա Հայաստանի կադրերի նկարահանումն ավարտվեց ընդամենը մի քանի օր առաջ:

Երգի խորագիրն այնքան էլ պատահական չէ: 1000 գույները արտացոլված են ամբողջ տեսահոլովակում, դրանք թե′ ուրախության, թե′ թախծի արտահայտչամիջոցներ են, դրանցից յուրաքանչյուրը նոր գույն է տալիս երգին: Երգը ստեղծելիս հեղինակը նպատակ է ունեցել փոխանցել հայրենակիցներին իր էմոցիաները և սերը Հայաստանի նկատմամբ:

Երգում իրենց մասնակցությունն են ունեցել մի շարք հայտնի աստղեր՝ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Արա Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանը, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները, Արաբո Իսպիրյանը, Գրիգոր Աղախանյանը, Էռնա Յուզբաշյանը, Անդրեն, Արմինկան, Էրիկը, Էմմին, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլք:

Նշենք նաև, որ երգի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 21-ին: