Էյֆելյան աշտարակը տեսնողները անմիջապես պատկերացնում են Փարիզը, Կրեմլը հիշեցնում է Մոսկվան, իսկ նորագույն Երևանի խորհրդանիշը եղել է և մնում է Հանրապետության հրապակը` ինքնատիպ, ճերմակ ու վարդագույն, լուսավոր առինքնող, և ամենակարևորը` մտքի և հոգու ստեղծագործ զուգորդությամբ:

Հրապարակը 1924թ. Նախագծել է Ալեքսանդր Թամանյանը:Այս համալիրի մտահաղացման մեջ խտացել են Թամանյանի խոհերը հայոց պատմության , նրա ճարտարապետության հանճարեղության, տարածական ու խորքային ըմբռնումների, ինչպես և երկրի ապագայի մասին:

Բարձր գնահատելով Թ. Թորամանյանի խորհուրդները, խորապես ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի տաճարների ճարտարապետական առանձնահատկությունները, ապավինելով իր ստեղծագործ ընդերքին , Թամանյանը ստեղծել է Հայաստանի մայրաքաղաքի երկու գլխավոր շենքերը` կառավարական տունը և օպերայի թատրոնը, ինչպես նաև, որպես քաղաքի հատակագծի կառուցվածքային կիզակետ` հրապարակը:

Թամանյանի գաղափարը և գեղագիտակ սկզբունքները շարունակել և պահպանել են ճարտարապետներ Ս. Սաֆարյանը, Վ. Արևշատյանը, Մ. Գրիգորյանը, Գ. Թամանյանը, Է. Սարապյանը` նախագծելով և կառուցելով կառավարական տանը ներդաշնակ մյուս շենքերը:1924-1990թթ. հրապարակը կոչվել է Լենինի անվամբ, իսկ 1990-ից վերանվանվել է «Հանրապետության»: