ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ շուտով ստիպված կլինի հեռանալ ասպարեզից, իսկ քառյակը չի հիասթափեցնի հայ հասարակությունը: Այսպիսի համոզմունք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա մասնավորապես ասաց.

«Կարծում եմ՝ քառյակը կձևավորի ընդհանուր օրակարգ, Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ քառյակում ստեղծել խնդիրներ, իրականություն չեն դառնա, և առաջիկա մեկ ամսում կունենանք որակապես քաղաքական նոր իրավիճակ, իսկ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու շանսերը կլինեն զրո:

Լինելու է հստակ բաժանում։ Նրանք, ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին որևէ պատրվակով, կհայտնվեն քաղաքական աղբանոցում։ Նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին, իրենք կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ ՀՀ-ում առաջատար քաղաքական ուժեր»,- ասում է Մուսինյանը:

Նա խորհուրդ տվեց ներկաներին լինել համբերատար և սպասել հետագա զարգացումների: Իսկ ԲՀԿ-ի հարցում անհանգստանալու կարիք չկա. արդեն տևական ժամանակ ԲՀԿ-ն իր գործողություններով կանգնած է քաղաքական ուժերի և հասարակության կողքին: