«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրերս Ազգային ժողովում հավակնոտ հայտարարություն արեց: Նա ասաց, թե 2020 թ. Հայաստանը պետք է հասնի հացահատիկի ինքնաբավության 60 տոկոսի: Այսինքն` Հայաստանում պետք է ցորենի այնքան բերք ստացվի, որ ապահովի մեր երկրի ներքին պահանջարկի 60 տոկոսը: Այս հայտարարությամբ Կարապետյանն ինքն իրեն դրել է բավական երկիմաստ վիճակում: Բանն այն է, որ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը մեր թղթակցին ասել է, թե այս տարի Հայաստանում սպասվում է ցորենի 340 հազար տոննա բերք:

Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի զարգացման վարչության պետ Հրաչ Ծպնեցյանը մեր թղթակցին ասել է, որ Հայաստանում սպառվում է միջինը 500 հազար տոննա ցորեն (ներառյալ` ալյուր, հացամթերք, անասնակեր): Այսպիսով, ստացվում է, որ հիմա արդեն Հայաստանը հատել է ցորենի ինքնաբավության 60 տոկոսանոց սահմանագիծը, որովհետեւ 340 հազարը 500 հազարի ուղիղ 68 տոկոսն է:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: