«Ադրբեջանի սրընթաց զարգացումը, վերածումը ուժեղ պետության, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դերը, գլոբալ քաղաքականությունում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վերջինիս ակտիվությունը լրջորեն անհանգստացնում են օտարերկրյա և մասնավորապես՝ Հայաստանի շահերին ու հայկական լոբբիին ծառայող շրջանակներին»: Այս մասին կառուցվաքային ստորաբաժանումներին և զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեhթիևը:

Ադրբեջանցի պետպաշտոնյան գտնում է, որ այդ ուժերը, շնորհիվ Ադրբեջանում հանդուրժողականության, ժողովրդավարության մթնոլորտի և կառավարության հումանիտար քաղաքականության, ֆինանսական միջոցների հաշվին կարողացել են Ադրբեջանի ներսում մի շարք լրատվամիջոցներից և ոչ պետական կազմակերպություններից իրենց հենակետը ստեղծել՝ «5-րդ շարասյունը»:

Ինչպես իր խոսքում նշել է պետպաշտոնյան, «Ազադլըգ» թերթի, «Ազատություն» ռադիոյի և այլ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունության գլխավոր նպատակն է արատավորել ադրբեջանական պետությունը և ազդել աննշան խնդիրների բորբոքման ճանապարհող հասարակական կարծիքի վրա: «Այնպիսի ոչ պետական կազմակերպություններ, ինչպիսիք եք «Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը», «Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտը», «Իրավական լուսավորման հանրությունը», «Մոնիթորինգի և ուսուցման կենտրոնը» և այլք, օտարերկրյա կազմակերպություններից ստացված մեծ գրանտների հաշվին իրավապաշտպան գործունեության քողի տակ տարբեր շրջանակներում գաղտնի ամբաստանություն են հրահրում և հակաադրբեջանական արշավներ կազմակերպում միջազգային կառույցներում, որոնցում ներկայացված է Ադրբեջանը»,-նկատել է նա:

Ռամիզ Մեհթիևը դժգոհել է նաև «Խաղաղության եւ դեմոկրատիայի իսնտիտուտի» ղեկավար Լեյլա Յունուսի պաշտպանությանն ուղղված ընդդիմադիրների գործողություններից: Վերջինիս կալանավորել են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայրենիքի դավաճանության և այլ ծանրագույն հանցագործությունների մեղադրանքով:

Վերջին շրջանում Ադրբեջանում կալանավորվել կամ հարձակման են ենթարկվել մի շարք իրավապաշտպաններ ու ընդդիմադիր լրագրողներ: Բոլոր դեպքերում էլ ոստիկանության բացատրությունը «գինովցած ծեծկռտուքները» կամ «կենցաղային վեճերն» են: