Հայաստանում առաջին անգամ հանրային ծառայության ոլորտում կներդրվի մեկ միասնական հիմքով աշխատանքի վարձատրության համակարգ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որն այցելել էր Աջափնյակ համայնքի երեխաների հոգածության կենտրոնում:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ նոր համակարգն ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում, որ աշխատավարձի հետագա բարձրացումները տեղի ունենան ոչ թե տարբեր ոլորտներում, ենթաոլորտներում տարբեր խնդիրների լուծման նպատակով, այլ ամբողջական և համակարգային եղանակով:

«Հուլիսի 1-ից գործում է պետական աշխատողների վարձատրության նոր համակարգ: Փաստորեն 230 հազար աշխատողի աշխատավարձի բարձրացում իրականացվեց միջինը 40 տոկոսով, բայց ամենակարևորը այս համակարգի ներդրման հետ կապված այն էր, որ երկրում առաջին անգամ հանրային ծառայության ոլորտում ներդրվեց մեկ հենքով, միասնական համակարգ. այսինքն` այն բոլոր ծառայողները, որոնք հանրային ծառայության համակարգում են ընդգրկված, նրանց աշխատավարձերը հաշվարկվում է նույն սկզբունքով»,-նկատեց նախարարը: